Չորեքշաբթի՝  2017 թւականի, դեկտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:00-ին՝ Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Ամանորեայ հանդէս: Սոյն ձեռնարկին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու սաների ծնողները:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի Կարինէ Մինասքանեանը, ով իր Ամանորեայ շնորհաւորման խօսքում բոլորին մաղթեց ուրախ, խաղաղ եւ յաջողութիւններով լի տարի: Նա յոյս յայտնեց, որ 2018 թւակնը հանդիսանայ բոլորի համար իղձերի իրականացման տարի եւ բոլորը կարողանան արձանագրել նորանոր նւաճումներ ու վերելքներ:  Այնուհետեւ իր երախտագիտութիւնը յայտնեց ազգային իշխանութեանը՝ նրա ցուցաբերած անվերապահ հովանաւորութեան, եւ ապա ծնողներին՝ դպրոցական ծրագրերի իրագործմանը օգտակար հանդիսանալու համար:

Ինչպէս ամենամեայ Ամանորեայ հանդէս, շքեղօրէն զարդարւած տօնական բեմում, դպրոցի սաները ներկայացան վառ ու գունեղ զգեստներով եւ իրենց քաղցրահունչ ասմունքով, երգ ու տաղով եւ պարով տօնական տրամադրութիւն հաղորդեցին իւրաքանչիւր հանդիսատեսին:

Հանդէսում տիրող խանդավառութիւնը կրկնապատկւեց, երբ յայտնւեցին բոլոր մանուկների կողմից սիրւած ձմեռ պապն ու ձիւնանուշը, ովքեր պարզ ու մատչելի լեզւով  իրենց բարեմաղթանքները յայտնեցին սաներին եւ նւիրեցին նրանց գունագեղ մրգեր:

Սաների ելոյթի աւարտին դպրոցի տեսչուհին իր շնորհակալական խօսքն ուղղեց սոյն ուսումնական տարեշրջանի նախօրէին հանգստեան  կոչւած՝ դպրոցի դաստիարակչուհի Էմմա Օրդուբէգեանին, ով մեծ սիրով, երկար տարիներ սաների կողքին աշխատել էր հոգատարութեամբ ու նւիրւածութեամբ: Տեսչուհին շնորհակալութիւն յայտնեց նաեւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց համգործակցութիւնն են ցուցաբերել ամանորեայ ձեռնարկի իրականացման գործում: 

Հանդէսի եզրափակիչ խօսքն արտայայտեց Տ. Սիփան ծ. վրդ. Գուճանեանը, ով իր հիացմունքն յայտնեց մանուկների պարզ ու անպաճոյճ աշխարհի մասին, որտեղ կան գեղեցիկ երազանքներ եւ դիւթիչ հեքիաթներ եւ որտեղ մանուկների համար անկարելին անգամ դառնում է կարելի եւ մատչելի: Այնուհետեւ Հայր Սուրբն իր խօսքն ուղղելով դպրոցի անձնակազմին՝ բարձր գնահատեց նրա ստանձնած առաքելութիւնը՝ հայ մանկանը կրթելու եւ հայեցի դաստիարակելու նւիրական գործում եւ շնորհաւորելով Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ՝ օրհնեց բոլորին եւ մաղթեց նրանց քաջառողջութիւն, հոգեկան անդորր, երազանքների իրականացում, ոյժ ու եռանդ եւ խաղաղ ու բարեբեր տարի:

Ծրագրի աւարտին բոլոր ներկաների համար կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝

Վ. Յարութիւնեան