Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղաի Ս. Ստեփանոս եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկուշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ ու քահանայից եւ սարկաւագաց դասերի մասնակցութեամբ:
Հոգեպարար արարողութեան երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Տօնին պատշաճ քարոզը տրւեց պատարագիչ Հայր Սուրբի միջոցով: Նա իր խօսքում անդրադառնալով հայ եկեղեցու կարեւորագոյն մրատիրոսներից, նահատակութեան եւ ծառայութեան խորհրդանիշ Ս. Ստեփանոսի կեանքին, ով յայտնի է յատկապէս իր աստւածատուր կամքի հզօրութեամբ, աւելացրեց, որ Ս. Ստեփանոսի նահատակութիւնը հեռու անցեալում կատարւած լինելով հանդերձ, համարւում է ժամանակակից, քանի որ այն կարողանում է մեզ լիցքաւորել Սրբի կամքով ու հաւատքով:
Քարոզիչ Հայր Սուրբն աւելացրեց նաեւ, որ Հայ եկեղեցին Ս. Ստեփանոս տօնի նշումով ոչ միայն փառաբանում է նրան, այլեւ Սրբի օրինակը վառ պահելով կամք եւ հաւատ է ներշնչում բոլորին: Գերպ. Տ. Անանիա ծ. ծրդ. Գուճանեանն իր քարոզի աւարտին տօնը պատեհ առիթ համարելով՝ պատգամեց, թէ մերօրեայ դժւարին պայմաններում հայ հոգեւորականների կարեւորագոյն կոչումն ու առաքելութիւնը պէտք է լինի միայն հայ եկեղեցուն եւ ազգին ծառայելը:
Պատարագի աւարտին Ս. Ստեփանոսի աջով տեղի ունեցաւ Ջրօրհնէքի արարողութիւնը:
Այնուհետեւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ եւ եկեղեցու Տիկնանց յանձնախմբի համագործակցութեամբ շրջափակում իրականացւեց ընդունելութիւն, ուր տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքով ու մաղթանքներով հանդէս եկաւ Եկեղեցեաց վարչութեան անդամուհի Լիդա Սիմոնեանը, իսկ ընթացքում ասմունքեց Վանէ Շահնազարեանը, “Նարեկ”-ից հատւածներ ընթերցեց Ալւարդ Զարգարեանը եւ երգի կատարմամբ ելոյթ ունեցան բարեշնորհ սարկաւագներ՝ Հրաչ Մինասեանն ու Արա Բաղումեանը: Միջոցառման աւարտին իր հայրական օրհանանքը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, որտեղ առիթի կապակցութեամբ շնորհաւորեց բոլորին ի մասնաւորի՝ սարկաւագներին եւ շնորհակալական խօսք ուղղեց արարողութեան ու ընդունելութեան կազմակերպիչներին ու դերակատարներին:
Միջոցառումը վարեց Վեհանուշ Խուդաբախշեանը: