Երեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 5-ի առաւօտեան, ի յիշատակ Աբգար նախավկայ թագաւորի, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ նախագահութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի:
Պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Արարողութեանը ներկայ էին նաեւ եկեղեցական դասը, հաւատացեալ ժողովուրդ եւ գեղեցիկ աւանդոյթի համաձայն՝ հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի անդամների ուղեկցութեամբ: Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Օրւայ քարոզը տրւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի միջոցով, ով սկզբում մանուկներին դիւրըմբռնելի ձեւով բացատրեց Աբգար թագաւորի կեանքի ու գործունէութեան մասին: Այնուհետեւ Հայր Սուրբն իր խօսքն ուղղեց բոլոր ներկաներին եւ ասաց. «Երբեմն մանուկների լեզուն, որը բխում է մարդու սրտից ու հոգուց, նոր ճանապարհ է բացում մեր կեանքում եւ փոքրիկները կարողանում են մեզ առաջնորդել դէպի այն ճանապարհը, որը գնաց Աբգար թագաւորն՝ իր անմեղութեան շնորհիւ: Մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը, Աբգար թագաւորի միջոցով մեզ սովորեցրեց, որ անգամ եթէ Քրիստոսը հեռու լինի մեզանից հաւատքի միջոցով Նա կը մօտենայ մեզ»:
Քարոզի աւարտին հաւատացեալները ստացան հաղորդութիւն, իսկ եկեղեցու բակում՝ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան նախաձեռնութեամբ եւ մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած մրգերն ու եկեղեցու Տիկնանց յանձնախմբի նախատեսած քաղցրաւենիքները բաժանւեցին փոքրիկներին:
Թղթակից (Նոր Ջուղա)