Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք: Որպէս նւիրահաւաքի վայր նկատի էին առնւել Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիները:

Միջոցառմանը մօտիկից ծանօթանալու, երիտասարդ կազմակերպիչներին խրախուսելու, ինչու չէ նաեւ իրենց նւիրատւութիւնները կատարելու համար՝ Նոր Ջուղայի կենտրոն այցելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, իսկ Շահինշահրի կենտրոն՝ սոյն համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը. վերոնշեալներին ընկերակցում էին թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:

Երեկոյի ընթացքում նւիրատւութիւն կատարեցին՝ թեմիս ազգային մարմինները, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը, միութիւններն ու ժողովուրդը:

Ինչպէս նախորդ տարիները՝ այս տարի եւս նւիրահաւաքից գոյացած գումարը փոխանցւելու է Հայաստան համահայկական հիմնադրամին:  

Թղթակից (Նոր Ջուղա)