2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան Ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան Վանք: Պատւիրակութեանն Առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական Խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:
Հանդիպման հիմնական նպատակն էր թեմակալ առաջնորդին շնորհաւորանքներ փոխանցել՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ ընտրւելու կապակցութեամբ: Հանդիպման ընթացքում շօշափւեցին հայոց դպրոցներին եւ ուսումնա-դաստիարակչական գործին ու հաստատութեանն առնչւող այլ հարցեր եւս:
Սկզբում թեմակալ առաջնորդը բարի գալուստ մաղթեց հիւրերին եւ բարձր գնահատելով նոր սերնդի դաստիարակութեան եւ կրթութեան գործում նրանց դերակատարութիւնը՝ շեշտեց, որ Ազգային առաջնորդարանն եւս իր գործունէութեան կարեւորագոյն բաժինն է համարում նոյն նպատակին ծառայելը:
Գերատեսուչ պրն Ղաէիդհան համապարփակ բացատրութիւն ներկայացրեց նահանգի ուսումնա-դաստիարակչական աշխատանքների եւ կացութեան մասին, շեշտելով, որ հայ աշակերտներն եւս, համահաւասար երկրի բոլոր աշակերտների, գտնւում են իրենց ուշադրութեան կենտրոնում:
Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մինասեանը շնորհակալութիւն յայտնեց Նոր Ջուղայի հայոց դպրոցների մէջ տեղի ունեցած վերջին փոփոխութիւնների ուղղութեամբ գերատեսչութեան կողմից բարիացակամ եւ դրական մօտեցման եւ համագործակցութեան համար, որը նպաստելու է դրանց ուսումնական եւ դաստիարակչական իրավիճակի դրական փոփոխութեանը եւ աւելի արդիւնաւէտ է դարձնելու կառավարման գործը, նաեւ ակնարկեց Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկին առնչւող կալւածական մի շարք խնդիրներ:
Թեմական խորհրդի անդամ տկն. Սոնիկ Բաղումեանը ուսումնա-դաստիարակութեան խնդիրների առնչութեամբ ակնարկեց ժամանակին որդեգրւած այն մօտեցման եւ որոշումին, որի հիմամբ Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկը աշխատանքի է ընդունում համապատասխան մարդուժ՝ հաշւի առնելով տեղական ուժերը, ինչպէս օրինակ Նոր Ջուղայից հայ ուսուցիչների ներգրաւումը, որոնք համալրում են հայոց ազգային դպրոցներին անհրաժեշտ տնօրէնների կամ ուսուցիչների կազմը՝ յատկապէս կրօն առարկայի դասաւանդման համար: Սոյն առաջարկը եւս պատւիրակութեան կողմից դրական ընկալւեց, եւ որոշւեց գործնական քայլեր առնելու համար ուսումնասիրել հնարաւորութիւնները:
Հանդիպման աւարտին Առաջնորդարանի կողմից յուշանւէրներ փոխանցւեցին պատւիրակութեան անդամներին եւ հիւրասիրութեան մտերիմ պահին շարունակւեցին քննարկւել արծարծւած խնդիրները: