Երեքշաբթի՝ 2014 թւականի փետրւարի 25-ին, սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնին, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի: Պատարագեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Քահանայական զգեստներ հագած՝ եկեղեցում ներկայ էին Սպահանի հայոց թեմի բոլոր քահանայ հայրերը, ովքեր թափօրի պահին լուսաւորւած մոմերով եւ պատարագիչ Հայր Սուրբի առջեւից քայլելով՝ իրենց օրհնութիւնը փոխանցեցին ներկայ հաւատացեալ ժողովրդին:
Նկատի ունենալով, որ սրբոց Ղեւոնդեանց տօնը, տօնն է քահանայութեան եւ քահանաների, պատարագիչ Հայր Սուրբն օրւայ պատշաճ իր քարոզը կենտրոնացրեց քահանայական պարտականութեան եւ պատասխանատւութեան վրայ, բնաբան ունենալով աւետարանական այն հատւածը, որտեղ Յիսուս Քրիստոսն Իր խօսքն ուղղելով իր աշակերտներին եւ նրանց միջոցով՝ ամբողջ քրիստոնեաներին եւ յատկապէս հոգեւոր հովիւներին, ասում է. «Ամէն իշխանութիւն տրւեց Ինձ երկնքում եւ երկրի վրայ: Ինչպէս որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպէս էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրէք: Մկրտեցէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Սովորեցրէ՛ք նրանց այն բոլոր պատւիրանները, որ տւեցի ձեզ: Եւ ահա Ես ձեզ հետ կը լինեմ միշտ՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտ 28.18-20), այնուհետեւ անդրադարձաւ Ղեւոնդեանց քահանաների ունեցած դերակատարութեանը հայոց պատմութեան մէջ եւ ասաց. «Ղեւոնդ երէցի գլխաւորութեամբ հոգեւորականները, այն յոյսի ու հաւատի մարմնացումը դարձան հայոց զօրքի մէջ, որով նրանք կարողացան Վարդան Մամիկոնեանի առաջնորդութեամբ պայքարել եւ անձնուրացաբար իրենց կեանքն ընծայաբերել, որպէսզի այսօր մենք կարողանանք մեր եկեղեցիներում «Հայ մեր» ասել, խաչակնքել եւ Յիսուս Քրիստոսի անունը բարձրաձայն յայտարարել ամենուրէք»: Հոգշ. Հայր Սուրբն անդրադառնալով նաեւ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր եւ ազգային բնոյթին՝ սրբոց Ղեւոնդեանց գործունէութիւնն եւս որակեց իբրեւ փաստ եւ վկայութիւն այս իրականութեան համար: Նա շնորհաւորելով քահանաներին իրենց տօնի առիթով, այսպէս շարունակեց. «Հոգեւորականն արժեւորւում է ո՛չ թէ իր զգեստով, գաւազանով ու խաչով, այլ՝ իր հօտի ներկայութեամբ, նրանց զօրակցութեամբ եւ նրանց ծառայելով ու հոգեւոր կարիքները հոգալով: Հոգեւորականն իր ծառայական կարողութիւնն ստանում է նաեւ իր ժողովրդի աղօթքներից»: Հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, յատուկ կերպով շնորհաւորեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանին, նկատի ունենալով, որ 2014 թւականին լրանում է նրա քահանայական գործունէութեան 30-ամեակը եւ իբրեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ պաշտօնավարելու 10-ամեակը՝ նրան մաղթելով երկար արեւշատ օրեր, բեղուն ծառայութիւն եւ պայծառ ապագայ:
Ս. Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ եկեղեցուն սպասարկած բոլոր քահանայ հայրերի հոգիների խաղաղութեան համար, իսկ արարողութիւնից յետոյ ներկայ հաւատացեալները մօտենալով հոգեւորականաց դասին, իրենց շնորհաւորանքն ու բարեմաղթութիւնը փոխանցեցին նրանց:
Պայծառ եւ արեւոտ օր լինելով, Նոր Ջուղայի Հայոց Եկեղեցեաց Վարչութիւնը ս. Յովհաննու եկեղեցու բակում կազմակերպել էր հիւրասիրութիւն, որի ընթացքում սրտի խօսքեր եւ շնորհաւորանքներ արտասանւեցին Կրօնական Խորհրդի անդամ պրն. Սաքօ Տէր Յովհաննիսեանի եւ Եկեղեցեաց Վարչութեան ատենապետ պրն. Ղուկաս Ծատուրեանի միջոցով: «Շուշանիկ» երգչախումբը, ղեկավարութեամբ օրդ. Անուշ Յովհաննիսեանի, երկու գեղեցիկ խմբերգեր ձօնեց հոգեւորականներին:
Աւարտին, առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորական եւ շնորհակալական խօսքերով եզրափակեց հանդիսութիւնը՝ իր խօսքի մէջ ասելով. «Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի լինելով՝ տարբերւում է միւս եկեղեցիներից. այն պատկանում է ազգին ու ժողովրդին, որով Հայոց եկեղեցու զաւակներն առաւել կապւած պէտք է լինեն եկեղեցուն եւ հոգատար՝ նրա նկատմամբ: Ամեակները, թւերն ու տօները առիթներ են, որպէսզի մենք՝ հոգեւորականներս մեր ուխտը վերանորոգենք, որովհետեւ հոգեւորականներս կոչւած ենք մեր կրօնի եւ եկեղեցու ճամբով ծառայելու մեր սիրեցեալ ժողովրդին: Իւրաքանչիւր հոգեւորական երբ ծունկի է եկել եկեղեցու ս. Խորանի առջեւ՝ իր վրայ վերցնելով քահանայական պարտականութիւնը, ուխտել է նւիրումով ու զոհողութեամբ սպասարկել Աստծուն, եկեղեցուն եւ ժողովրդին»:
Նոր Ջուղայի հայոց եկեղեցեաց վարչութիւնը յուշանւէրներ էր պատրաստել հոգեւորականաց դասի համար, որոնք գերշ. Սրբազան Հօր ձեռամբ յանձնւեցին նրանց: