Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ արւեստի զանազան ճիւղերի բացառիկ նմուշների ցուցահանդէս, ինչը զուգորդւած էր նոյն աշխատանքների պատրաստման կենդանի ցուցադրութեամբ՝ վարպետների միջոցով:
Ձեռնարկը նւիրւած էր Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի օրւան, որի բացումը կատարւեց թեմակալ առաջնորդի ձեռամբ: Ցուցահանդէսի բացման ծրագրին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ՝ գերպ. տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, միութենականներ եւ մեծ թւով ժողովուրդ:
Ներկաներին ողջունեց հաղորդավարուհի Մեղրի Ղուկասեանը, ով հակիրճ բնութագրեց ազգերի ու ժողովուրդների մշակոյթի եւ քաղաքակրթութեան զարգացմանը նպաստող արւեստի անգնահատելի դերը, կենտրոնացաւ հայկական գաղթօջախներում, ի մասնաւորի նոր Ջուղայում, հայ մշակոյթի եւ արւեստի պահպանման եւ զարգացման գործընթացին եւ բացատրեց ցուցահանդէսում ներկայացւած աւանդական ու նորաձեւ արւեստների մասին, որից յետոյ երիտասարդ-ուհիների միջոցով ներկայացւեց հին ու նորաձեւ աքսեսուարներ եւ հարսանեկան կանաչ-կարմիր:
Բեմային ծրագրի աւարտին, ներկաները շրջեցին ցուցահանդէսով եւ դիտեցին արւեստի գեղեցիկ նմուշներ եւ տւեալ ճիւղի վարպետներից ստացան տեղեկութիւններ՝ պատրաստման եղանակի եւ օգտագործւած նիւթերի մասին: Ցուցահանդէսն իր շքեղութեամբ եւ այն, որ արւեստի զանազան ճիւղերի վարպետներին համախմբել էր միութեան յարկի ներքոյ, ապացոյցն էր կատարւած կազմակերպչական եւ միասնական հսկայական ու դժւարին աշխատանքի, ինչը սփիւռքեան պայմաններում ամենայն վստահութեամբ պիտի որակել եզակի եւ բացառիկ նախաձեռնութիւն իր տեսակի մէջ:
Երկու օր տեւողութեամբ այս ցուցահանդէսը մեծ հետաքրքրութեամբ ընդունւեց ոչ միայն համայնքի անդամների, այլ նաեւ նախապէս համադրութեամբ եւ ցուցահանդէս այցելած եւրոպացի զբոսաշրջիկների կողմից, ինչը զարմանք եւ հիացմունք պատճառեց նրանց:
Նշելի է, որ ցուցահանդէսում ներկայացւած էր ոսկերչութիւն, արծաթագործութիւն, հարսանեկան զարդանախշած շաքար, կանաչ-կարմիր (ինչը մինչ այսօր լաւապէս պահպանւել է իրանահայութեան մօտ), գորգագործութիւն, մքուքագործութիւն, կեռասեղագործութիւն, մարաշի ասեղնակար եւ ասեղնակար, փայտագործութիւն, գրքի կազմարարութիւն, ձեռքի տպագրութիւն (մետաղէ կաղապարներով), նկարչութիւն, քարագործութիւն, Ջուղայի ֆիլա, ջուղայեցիններին յատուկ Եուխա կոչւող թխւածք եւ ջուղայեցու հարսանիքների անբաժան քաղցրաւենիքներ՝ լովզը եւ թութը, որոնցով հիւրասիրւեցին այցելուները:
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան