Հայաստանի հեռուստաընկերութեան եւ ռադիօժամերի յանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթեանը 8 հոգանոց մի պատւիրակութեան ընկերակցութեամբ այցելեց ս. Ամենափրկչեան վանք: Եկեղեցի եւ թանգարան այցելելուց յետոյ, պատւիրակութիւնը, որ նոյն ասպարէզում Իրանի պետական պատասխանատուների կողմից հրաւիրւել էր Իրան, ս. Ամենափրկչեան վանքի Ծաղկեայ դահլիճում այցելեց նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանին: Հանդիպման ընթացքում պատւիրակութեան անդամները խօսեցին իրենց Իրան ճամբորդելու նպատակի եւ Հայաստանում կատարած աշխատանքի մասին:
Առաջնորդ Սրբազան Հայրն իր խօսքի մէջ նախ գնահատեց իրանեան կողմի պատասխանատուներին, որ նման հանդիպում են կազմակերպել՝ փոխադարձ համգործակցութիւն ծաւալելու նպատակով, ապա շնորհակալութիւն յայտնեց պատւիրակութեանը՝ ս. Ամնափրկչեան վանք այցելելու համար: Թեմակալ առաջնորդն իր կարգին գնահատեց Հայաստանի ռադիօժամերի եւ հեռուստաընկերութեան տնօրէնների աշխատանքը եւ միեւնոյն ժամանակ թելադրեց, որ Սփիւռքի տարածքում հեռարձակւող կայաններն աւելի ուշադիր լինեն՝ դաստիարակչական, հայրենասիրական եւ մշակութային ծրագրեր սփռելու, որպէսզի Սփիւռքում ապրող հայն առաւել հարազատութեամբ ծանօթանայ մեր արժէքներին եւ սրբութիւններին: