Երեքշաբթի՝ 2017 թւականի մայիսի 16-ի երեկոյեան, Շահինշահրի Հայոց Ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սրահում տեղի ունեցաւ դպրոցի սաների ամավերջի հանդէսը՝ ներկայութեամբ Սպահանի թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Տ.Սահակ քհնյ. Մինասեանի, Պատգամաւորական ժողովի, Թեմական, Կրթական, համայնքի վարչութեան ներկայացուցիչների, սաների ծնողների եւ հարազատների:
Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի օրդ. Կարինէ Մինասքանեանը, ով ամփոփ զեկոյց ներկայացրեց դպրոցի աշխատանքների մասին եւ դպրոցի անձնակազմի անունից շնորհակալութիւն յայտնեց Ազգային իշխանութեանը՝ իր ցուցաբերած անվերապահ հովանաւորութեան առթիւ, նաեւ Ծնողական խորհրդին, տիկնանց Արմինէ Թահմազեանին, Մարիա Խաչատրեանին եւ Արսինէ Պօղոսեանին՝ ուսումնական տարւայ ընթացքում իրենց համագործակցութեան համար, ինչպէս նաեւ ձեռնարկի իրագործմանը աջակցող պրնյք. Լէօ Շիրւանեանին, Գեւիկ եւ Անդրէ Խաչատրեաններին եւ թղթակից Վիոլետ Յարութիւնեանին:
Այնուհետեւ գեղեցկօրէն զարդարւած բեմում ներկայացան սաները՝ իրենց քաղցր ու խանդավառ արտասանութիւններով ու երգերով, ովքեր արժանացան ներկաների բուռն ծափողջոյններին:
Ծրագրի յաջորդ բաժնում տեղի ունեցաւ 2016-2017 ուս. տարեշրջանի վկայականների բաշխումը՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու Կրթական խորհրդի ներկայացուցիչների ներկայութեամբ:
Ծրագրի աւարտին օրհնանքի եւ գնահատանքի իր խօսքը փոխանցեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը՝ շեշտադրելով հայ կրթօջախի ուրոյն դերը՝ մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեան նւիրական գործում: Նա բարձր գնահատելով դպրոցի անձնակազմի եւ պատասխանատուների իրագործած աշխատանքը եւ դրսեւորած հոգատարութիւնն ու յանձնառութիւնը՝ մաղթեց նրանց առաւել ոյժ, կորով ու քաջառողջութիւն:
Օրւայ առիթով կազմակերպւել էր նաեւ համեստ հիւրասիրութիւն: