Ուրբաթ՝ մայիսի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, կայացաւ «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների 2015-2016 եւ 2016-2017թ.թ. ուսումնական տարեշրջանների շրջանաւարտ աշակերտ-ուհիների վկայականաբաշխման հանդիսաւոր արարողութիւնը:
Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ, զոյգ դպրոցների անձնակազմն ու շրջանաւարտների հարազատները:
Ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից. առաջին բաժինը, որն ամբողջութեամբ յագեցած էր աշակերտական գեղարւեստական անզուգական ելոյթներով, հաճելի երկխօսութիւններով հանդիսավարեցին Վանէ Յարութիւնեանը, Վանանդ Իսաղուլեանն ու Անգինէ Կարապետեանը: Այս բաժնում «Եռաձայն պատարագ»-ից մի հատւած ասմունքեց Արփա Մարգարեանը. նշելի է, որ Արփան 2015 թւականին, Հայաստանի 7-րդ համահայկական օլիմպիադայի շրջագծում ներկայացրեց նոյն հատւածը, ինչի համար էլ արժանացաւ գնահատագրի:
«Ոչ, մի նահանջէք» բանաստեղծութիւնը ասմունքեց Վանէ Յարութիւնեանը, իսկ Թանգիկ Ջարդն-Դաւուդի եւ Լիլիան Ասատրեանի կիթառի նւագակցութեամբ «Վերջին զանգ»-ը ասմունքեցին Վանէ Ղազարեանը, Լիլիթ Հայրապետեանն ու Քրիստին Նազարեանը. Լիլիթ Հայրապետեանը ասմունքեց նաեւ «Մենք քիչ ենք,սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծութիւնը՝ Գէորգ Մովսիսեանի կիթառի ընկերակցութեամբ:
Սելին Խոջեմալը եւ Նինել Օրոջեանը դաշնամուրով առանձնաբար նւագեցին դասական երաժշտութիւններ, Վանանդ Իսաղուլեանը, Թադէ Մկրտչեանն ու Արայիկ Սիմոնեանը կատարեցին «Արժանի» երգը, Մարալ Քեշիշեանը «Մի կաթիլ մեղրը»-ն արտասանեց ռեփ ոճով, իսկ Արփիար Դաւթեանն ու Թադէ Յակոբեանը հանդիսավարների հետ ունեցած հետաքրքիր զրոյցի ներքոյ, բոլորին խրախուսեցին զբաղւել մարզանքով՝ յիշեցնելով՝ «Առողջ հոգին առողջ մարմնի մէջ է» ասացւածքը:
Ծրագրի երկրորդ բաժինը վարեց դպրոցի գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, որտեղ նախ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ եւ միեւնոյն ժամանակ սոյն դպրոցների ուսուցիչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը ելոյթ ունեցաւ պատկան տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի անունից:
Հայր Սուրբն ընդգծելով, որ ուսուցչին՝ ուսուցիչ եւ դպրոցին՝ դպրոց դարձնողը աշակերտն է, երախտագիտութեան խօսք ուղղեց ծնողներին՝ իրենց զաւակների դաստիարակութեան եւ ուսման պատասխանատու գործը ազգային վարժարաններին վստահելու համար: Նա նշելով, որ զոյգ դպրոցների ուսուցչական կազմերը ջերմեռանդ աշխատանք են կատարել յատկապէս աշակերտների հոգում ու մտքում սէր, յարգանք, հայրենասիրութիւն եւ միասնականութիւն սերմանելու ուղղութեամբ, իր համոզումը յայտնեց, որ կատարած այդ աշխատանքների արդիւնքը շուտով արտացոլւելու է աշակերտների յաջողութիւններում:
Հայր Սուրբն իր խօսքի աւարտին շրջանաւարտներին յորդորեց՝ իւրայատուկ նայւածքով ընկալել աշխարհը, լինել յաջող ու ստեղծագործ եւ հաւատարմօրէն ծառայել սեփական ժողովրդին:
Հայր Սուրբի խօսքից յետոյ բեմ հրաւիրւեցին շրջանաւարտները՝ աւարտական հանդերձանքով զգեստաւորւած: Նրանք խմբովի կատարեցին «Ազգ իմ փառապանծ» եւ «Դպրոցի ճամբան» երգերը, ապա հանդիսատեսի հետ միասնաբար ականջալուր եղան Կրթական խորհրդի խօսքին, որն ընթերցեց սոյն խորհրդի ներկայացուցիչ Սաթօ Աւետումեանը:
Նա շեշտելով, որ մաշտոցեան գիրն ու գրականութիւնը առ այսօր սերնդէ սերունդ փոխանցւել է հայկական վարժարանի եւ հայ ուսուցչի շնորհիւ, կարեւորութեամբ ընդգծեց, թէ ընտանիքը, դպրոցն ու միջավայրը այն երեք գործօններն են, որոնք ձեւաւորում են երիտասարդի նկարագիրը:
Տկն. Աւետումեանն իր խօսքում արդիւնաւէտ գնահատելով զոյգ դպրոցների տնօրինութիւնների եւ անձնակազմերի կատարած աշխատանքները՝ շրջանաւարտներին կոչ արեց՝ իրենց մասնագիտութիւնը ծառայեցնել հայ ժողովրդին եւ հաւատարիմ մնալ հայ ազգի արժէքներին ու սկզբունքներին:
Այնուհետեւ աւանդոյթ դարձած երդման կարգը՝ Սիլվա Կապուտիկեանի բառերով, արտասանեցին Նորվան Մարկոսեանը եւ Վերգինէ Համբարձումեանը, որին միացաւ խումբը «Երդւում եմ»-ի բացագանչումով: Երեկոն համեմւեց «Քանանեան»-ի նախկին տարիների շրջանաւարտ Վանա Շիրւանեանի երգի կատարմամբ եւ խորհրդանշական կարկանդակի մուտքով:
Շարունակութեան մէջ տեղի ունեցաւ վկայականների բաշխման արարողութիւնը, ձեռամբ՝ գերպ. Հայր Սուրբերի, ագզային մարմինների ներկայացուցիչների եւ զոյգ դպրոցների տնօրինութիւնների ու պատկան ուսուցիչների:
Միջոցառման եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի պատգամը: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը գնահատանքի խօսք ուղղելով ազգային իշխանութեանն ու դպրոցի պատասխանատուներին եւ յատկապէս առիթը շնորհաւորելով աշակերտներին ու նրանց ծնողներին, նշեց, թէ կրթութեան գնացքն իր երթը շարունակում է եւ այսօրւայ աւարտականի հանդիսութեամբ այն կանգ չի առնելու: Նա շրջանաւարտներին յորդորեց՝ կեանքում առաջնորդւել դպրոցում ստացած կրթութիւնից ու դաստիարակութիւնից բխող իմաստութեամբ, հեռու մնալ «Մի կաթիլ մեղրը» հեքիաթի հետեւանքներն ունեցող երեւոյթներից եւ հաւատարիմ մնալով ազգին ու դպրոցին՝ իրենց ձիրքը եւ շնորհքը նպաստ բերել նրանց:
Վերջում շրջանաւարտները կատարեցին գլխարկների վեր նետման աւանդական կարգը: