Սպահանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ, իւրաքանչիւր տարի՝ ապրիլի 23-ից 29-ը ընկած ժամանակահատւածում նշւում է «Սպահանի շաբաթ»-ը: Այս տարի նախատեսած բազմաթիւ ծրագրերի շարքում, քաղաքապետարանի առաջարկով իր բաժին մասնակցութիւնն ունեցաւ նաեւ Նոր Ջուղայի հայ համանքը: Այս շրջագծում, Թեմական խորհրդի միջոցով կեանքի կոչւած յանձնախումբը, ապրիլի 28-ից 30-ը, Ս. Ամենափրկչեան վանքի տարածքում իրականացրեց հայկական տարազների, խոհանոցի եւ լուսանկարների ցուցահանդէս:
Ս. Ա. Վանքի բակի կենտրոնական բաժնում եւ զանգակատան շուրջ, կենդանի կերպով ցուցադրւեցին հայ խոջայի, հոգեւորականի, հայ ուսուցչի եւ աշակերտի, Նոր Ջուղայի, Փերիայի եւ Չհարմահալի հայ կնոջ տարազներ: Առանձնապէս ներկայացւեց Վառվառէ Քանանեանի կերպարը՝ բարերարի շիրիմի կողքին:
«Ս. Ներսէս Շնորհալի» գրդարանի մէջ ցուցադրւեց Էռնեստ Հոլցերի լուսանկարները, որտեղ ներկայացւած էին յիշեալի ընտանեկան լուսանկարները եւ Նոր Ջուղայի հայ համայնքին առնչւող տպաւորիչ պատկերներ:
Նոր Ջուղայի հայկական տարազների եւ դրանց լուսանկարների մի այլ ցուցահանդէս եւս կազմակերպւել էր Ս. Ա. Վանքի ցուցասրահում:
Եռօրեայ ցուցահանդէսի ընթացքում մեծ հետաքրքրութիւն առաջացրեց յատկապէս հայկական խոհանոցին պատկանող ուտեստներն ու նրանց մատուցման ձեւը:
Շաբաթ՝ ապրիլի 29-ի միջօրէին, Ս. Ամենափրկչեան վանք ժամանեց եւ ցուցահանդէսի բոլոր բաժինների հետ ծանօթացաւ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ֆառհանգը, իսկ կիրակի կէսօրից յետոյ Սպահանի քաղաքապետ դոկտ. Ջամալինեժադը եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը այցելեցին կազմակերպւած ցուցահանդէսներին եւ իրենց խորը գոհունակութիւնը յայտնեցին կատարւած աշխատանքի կապակցութեամբ:
Յատկանշելի է, որ ցուցահանդէսի կազմակերպչական աշխատանքներին աջակցել են բազմաթիւ հայորդիներ եւ կազմեր: Ամբողջ օրերի ընթացքում ցուցադրւող տարազները կրել են մի քանի պատանիներ, երիտասարդ-ուհիներ եւ անձինք: Զանազան անհատներ ստանձնել են տեղացի եւ օտարերկրացի այցելուներին բացատրութիւններ հաղորդելու պարտականութիւնը: Հայկական խոհանոցի ցուցադրումը իրականացւել է Ն. Ջ. Հայ կանանց գթութեան, Ն. Ջ. Հայուհեաց բերագործական ընկերութեան, Փերիոյ կրթասիրաց եւ Հայ Ուսում. Չհարմահալ միութիւնների համագործակցութեամբ, որտեղ տեղացի եւ օտարերկրացի այցելուներին հրամցւել են հայկական զանազան կերակրատեսակներ:
Սոյն աշխատանքը ղեկավարւել է տկն. Ռիմա Սիմոնեանի, օրդք. Կարին Տէր-Մարտիրոսեանի եւ Վերգինէ Միրզախանեանի անդամակցութեամբ յանձնախմբի միջոցով: