Կիրակի՝ 2017 թւականի ապրիլի 9-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, Հայաստանեայց առաքելական Ս. Եկեղեցու գեղեցիկ տաղաւարներից մէկի՝ Ծաղկազարդի առիթով տեղի ունեցաւ Ս. Եւ անմահ Պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ դպրաց դասի:
Ս. Պատարագին ներկայ էին Հայ Համայնքի Վարչութեան ներկայացուցիչները, հայոց դպրոցների ուսուցիչները՝ աշակերտ-ուհիներով հանդերձ ու մեծ թւով հաւատացեալներ:
Յընթացս Ս. Պատարագի Գերպ. Հայր Սուրբը գեղեցկօրէն ներկայացրեց Քրիստոսի հանդիսաւոր եւ յաղթական մուտքը Երուսաղէմ եւ բովանդակալից քարոզով օրւայ խորհուրդը փոխանցեց ներկաներին: Այնուհետեւ օրհնեց արարողութեանը մասնակցող մանուկներին եւ աշակերտ-ուհիներին, ովքեր ուշադիր եւ մեծ հետաքրքրութեամբ հետեւում էին արարողութեանը:
Իր քարոզի աւարտին, գերպ. Հայր Սուրբը շնորհաւորեց Ծաղկազարդ տօնի կապակցութեամբ եւ աղօթեց, որպէսզի բոլորի կեանքում յաւերժ ներկայութիւն լինի Քրիստոսը:
Յաւարտ Ս. Պատարագի, Շահինշահրի «Հայ կանանց եկեղեցասիրաց» միութեան անդամուհիների միջոցով զարդարւած ձիթենու ճիւղերն օրհնւեցին գերպ. Հայր Սուրբի միջոցով եւ բաժանւեցին ներկայ հաւատացեալների միջեւ՝ որպէս ուրախութեան, փրկութեան եւ նոր կեանքի խորհրդանիշ:
Կիրակի երեկոյեան, հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ Դռնբացէքի խորհրդաւոր արարողութիւնը, որի ընթացքում արժ. Քհնյ. Հայրն երգեց «Բա՜ց մեզ, Տէ՜ր» շարականը եւ ըստ տեղական սովորոյթի, խորհուրդ արած կանանց միջոցով բացւեց Ս. Խորանի վարագոյրը: