Երկուշաբթի՝ Ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9:30-ից, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում սկիզբ առաւ ս. եւ անմահ պատարագ՝ ձեռամբ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց ու դպրաց դասերի: Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Այնուհետեւ տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմոռաց յիշատակին իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝ թեմիս հոգեւորականաց դասը՝ Կաթողիկոսական փոխանորդի գլխաւորութեամբ, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ազգային մարմինները, միութիւններն ու հայոց ագզային դպրոցների պատասխանատուները եւ Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչման յանձնախումբը:
Հարկ է նշել, որ հոգեւորականաց դասը յուշարձանին ծաղիկներ մատուցելուց յետոյ՝ ի նշան խաղաղութեան աղաւնիներ թռցրեց երկինք:
Յաջորդիւ բազմահազար պահանջատէր ժողովրդի բուռն վանկարկումների ներքոյ, կէսօրին՝ ժամը 12:00-ին, Ս. Ա. վանքից սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը: Աւելի քան երկու ժամ տեւողութեամբ քայլարշաւն ընթացաւ Հաքիմ Նեզամի, Բոլւար Մելլաթ, Թոհիդ եւ Արեւելեան Նազար գլխաւոր պողոտաներով:
Երկուշաբթի առաւօտեան Ս. Ա. վանքում իրկանացւած համահաւաքը նոյնպէս հաղորդավարեց Թովմա Գալստանեանը:
Նշելի է, որ վերոնշեալ բոլոր միջոցառումներին իր խուռներամ շարքերով մասնակցութիւն ցուցաբերեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր հայորդիները: