Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչման միջոցառումների շրջագծում, կիրակի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը: Արարողութեան աւարտին միասնական Տէրունական աղօթքը հնչեց առ Աստւած, որից յետոյ Հայ Սուրբի, հոգեւորականաց դասի, ազգային մարմինների անդամների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի գլխաւորութեամբ, Ս. Ստեփանոս եկեղեցուց սկիզբ առաւ մոմերով երթը: Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պահանջատէր ժողովուրդը խորհրդաւոր լռութեան ներքոյ, լուսաւոր մոմերն իր ձեռքում պահած, քայլեց դէպի Ս. Ամենափրկիչ վանքը տանող Արեւմտեան ու Արեւելեան Նազար պողոտաներով: Վանք հասնելուն պէս մոմերը տեղադրւեցին Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ, որից յետոյ տեղի ունեցաւ բողոքի համահաւաք:
Համահաւաքը բացւած յայտարարւեց հաղորդավար Թովմա Գալստանեանի խօսքով, ուր ասւած էր. «Ճի՛շտ է, թրքական պետութիւնը մինչեւ օրս դեռ շարունակում է իր ժխտողական ու հայատեաց քաղաքականութիւնը, եւ երբեք չի դադարել հայութեանը վնասող գործողութիւնների իրականցումից, սակայն միակամ ոգով գործի լծւած հայ ժողովրդի հայաստանեան ու սփիւռքեան հատւածները, իրենց անկոտրում կամքի շնորհիւ կարողացել են վերականգնել դարեր առաջ կորցրած պետականութիւնը, պահպանել ու զարգացնել հայկական ազգային արժէքները, Սփիւռքում ստեղծել հզօր կառոյցներ եւ հիմնադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»:
Բացման խօսքին յաջորդեց ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր սուրբ նահատակների եւ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին իրենց թանկագին կեանքը զոհաբերած հերոսների անմոռաց յիշատակին:
Այնուհետեւ իր սրտի խօսքն արտայայտեց Թուրքիայից ժամանած Պոլսի «Ակօս» հայկական թերթի հետ աշխատակցող, լուսանկարիչ Էռհան Առիքն, ով ոգեկոչման ծրագրերի շրջագծում կայանալիք լուսանկարների ցուցահանդէսի իրագործման համար գտնւում էր Նոր Ջուղայում: Նա նշելով, որ երկար տարիներ է, ինչ լուսնկարում է Հայոց Ցեղասպանութեան թեմայի շրջագծում, պատմեց ցեղասպանութեան տարիներին Մալաթիայում ապրող Ռեզայի եւ իր հայ ընկերների մասին, ովքեր դէպքից 40 տարի անց վերագտնելով միմեանց նամակագրութիւններ են ունենում իրար հետ, ուր եւ ազգութեամբ թուրք Ռեզան իր ցաւի ու ամոթի զգացումն է արտայայտում կատարւածի նկատմամբ:
Ծրագրի շարունակութեան մէջ Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանն ընթերցեց ազգային իշխանութեան խօսքը, որտեղ դատապարտելով տարածաշրջանն ապակայունացնող ցեղասպան Թուրքիայի վերջին տարիների գործողութիւնները եւ յատկապէս նրա կողմից ծայրայեղական ու ահաբեկչական խմբաւորումների հովանաւորումը՝ կարեւորութեամբ ընդգծւել էր Թուրքիայի կառավարութեան դատապարտման եւ հայոց բռնագրաււած հողերի վերադարձման պահանջները:
Ահա մի հատւածի մէջբերում վերոնշեալ խօսքից.
«Ազգային այս նոր գիտակցութեան, այս նոր որակի արդիւնքն է այն բացառիկ միասնականութիւնը եւ պատրաստակամութիւնը, որ դրսեւորում ենք ամէն օր՝ Հայաստանում ու Արցախում՝ ազգի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու Ադրբեջանա-թրքական յարձակողական ու լկտի գործողութիւնների դէմ՝ յենւելով միմիայն մեր ժողովրդի ներքին ուժին, մեր զաւակների անսահման քաջութեան, ինքնազոհաբերումի աննկարագրելի կարողութեան, գիտութեան ու տեխնոլոգիայի մեր միջոցների վրայ: Միեւնոյն համոզումի ու վարքագծի մի այլ դրսեւորմամբ, հանդէս ենք գալիս սփիւռքում, իբրեւ ամուր պաշտպանական վահան, սիրեցեալ հայրենիքին ու արդարութեան կանչ ու կոչ՝ միջազգային հանրութեանը»:
Ծրագրում Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանն ընթերցեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առթիւ հաստատւած պարսկերէն բանաձեւը եւ իրականացւեցին գեղարւեստական կատարումներ.
“Տուն իմ հայրենի” երգը մենակատարեց Վանէ Օրոջեանը, «Հերոսներին եւ մայրերին» երգով ելոյթ ունեցաւ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, «Անի»-ն մեներգեց Արսինէ Ալեքսանդրեանը, իսկ «Ռեքւիեմ»-ն ասմունքեց Ալինա Տէր-Սուքիասեանը:
Սուրբ Ամնեափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի նոյնպէս հանդէս եկաւ «Գարունա, ձունա արել» եւ «Դլէ-եաման» կատարումներով: Երգչախմբին «Դլէ-եաման» ասմունքով ընկերակցեց Թանիա Մինասեանը:
Համահաւաքի եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքը: Նա իր խօսքի սկզբնական բաժնում շնորհակալութիւն յայտնելով Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած եւ դատապարտած երկիրներին, ինչու չէ նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեանը՝ թեմիս ոգեկոչման միջոցառումներն ու քայլարշաւն արտօնելու համար՝ ընդգծեց ծրագրում հնչած «Անի» երգի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» բառերը, վստահութիւն յայտնելով, որ հայ ժողովուրդը ոչ միայն ազատ է տեսնելու Անին, այլեւ ամբողջ Արեւմտահայաստանը: Հայր Սուրբը յորդորեց՝ նոյն ոգով շարունակել հայկական պահանջատիրական պայքարը, մինչեւ Հայ Դատի արդարացի լուծումը եւ հայ ժողովրդի բռնագրաււած իրաւունքների վերականգնումը:
Սոյն պատգամից յետոյ ժողովուրդը ծաղիկներ մատուցեց յուշարձանին եւ մոմեր վառեց՝ սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչելու համար:
Հարկ է նշել, որ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան միջոցով ապրիլի 23 եւ 24-ին, վանքի շրջափակում կազմակերպւել էր բողոքի նստացոյց, որին մասնակցել էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի պատանի-երիտասարդները: Համահաւաքին զուգահեռ յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները, իսկ տեղի ունեցաւ արեան տւչութիւն:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ «Ֆոտօ Հայկ» եւ Նազելի Ղարիբեան