Երեքշաբթի՝ ապրիլի 18-ի առաւօտեան Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզի Դեղին խմբակի սաները, դպրոցի դաստիարակների ու ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելեցին հայոց ազգ. ծերանոց՝ տեղի բնակիչներին Ս. Յարութեան տօնը շնորհաւորելու եւ գարնանային պայծառ առաւօտն այս հանգստի տան բարեհամբոյր եւ սիրալիր անձնաւորութիւնների հետ վայելելու համար:
Սկզբում այցելուներին ջերմ դիմաւորեցին Կանանց գթութեան միութեան վարչութեան անդամուհիները, ապա կենտրոնական դահլիճում սկիզբ առաւ տօնական միջոցառումը, որտեղ ողջոյնի խօսք ասաց նշւած վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը՝ շնորհաւորելով Զատկական տօնի կապակցութեամբ եւ շնորհակալութիւն յայտնելով դպրոցի տեսչութեանն ու ուսուցչական կազմին այցելութիւնը նախաձեռնելու համար:
Այնուհետեւ արտայայտւեց նաեւ Դեղին խմբակի դաստիարակ Սքարլետ Հայրապետեանը՝ տօնի առթիւ ջերմ մաղթանքներով ու շնորհաւորանքներով, ինչու չէ նաեւ շնորհակալական խօսքով՝ սոյն հարազատ յարկի տակ հիւրընկալւելու կապակցութեամբ:
Միջոցառումն ընթացաւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ: Սկզբում սաները գեղեցիկ երգերից ու արտասանութիւններից կազմւած մի փունջ նւիրեցին տարեց բնակիչներին, ապա օր առաջ դպրոցում նրանց փոքրիկ ձեռքերով ներկւած հաւկիթները բաժանւեցին ներկաների միջեւ՝ աւանդական հաւկթաղան իրականացնելու համար: Զւարճալի խաղին յաջորդեց ուրախ մեղեդիների ներքոյ պարը:
Շարունակութեան մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որից յետոյ դպրոցի կողմից սաները նւէրներ փոխանցեցին տարեցներին, իսկ իրենք նոյնպէս նւէրներ ստացան Կանանց գթութեան միութեան վարչութիւնից:
Վերջում ծերանոցի բնակիչներին առողջութիւն եւ երկար կեանք մաղթելով՝ այցելուները վերադարձան մանկապարտէզ՝ որպէս անմոռանալի յուշ իրենց հետ տանելով տատիկների հետ ունեցած գեղեցիկ ու հաճելի պահերը: