Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, Նոր Ջուղայի հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախաձեռնութեամբ եւ Ձեռնարկային յանձնախմբի կազմակերպութեամբ, չորեքշաբթի՝ ապրիլի 12-ի երեկոյեան, սոյն միութեան կենտրոնատեղիում, որը գտնւում է հայոց ազգ. ծերանոցի տարածքում, պատկան անդամուհիների ներկայութեամբ իրականացւեց տօնական միջոցառում:
Սկզբում միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմի նահատակների յիշատակը, որից յետոյ հրաւիրեց վաստակաւոր ուսուցչուհի Քառոլին Դիլանչեանին օրւայ առթիւ արտայայտւելու:
Բանախօսն եւս իր հերթին շնորհաւորելով տօնի առթիւ՝ իր խօսքը ծաւալեց “Վերջին ժամանակաշրջանում հայ կնոջ դերը ընտանիքում եւ հասարակութեան մէջ” թեմայի շուրջ: Նա մի շարք թւային տւեալների միջոցով ներկայացրեց թեմիս ազգային կեանքում կանանց դերակատարութեան պատկերը, ապա բոլորին հրաւիրեց իրենց անձնական տեսակէտներն արտայայտել այս ուղղութեամբ:
Այնուհետեւ անդամուհիները բուռն քննարկեցին թեման՝ անդրադառնալով ընտանիքից դուրս կանանց աշխատանքին ու գործունէութեանը խոչընդոտող հանգամանքներին ու ընտանիքում նրանց դերակատարութեանը: Վերջում տկն. Դիլանչեանը եզրափակելով արծարծւած մտքերը եւ յատկապէս առկայ դժւարութիւնների փարատման ուղղութեամբ հնչած առաջարկերը՝ ընդգծեց՝ կին-տղամարդ հաւասարութեանը ձգտման, երեխաների դաստիարակութեան գործում հայրերի դերակատարութեան բարձրացման եւ նմանատիպ թեմաներով լսարանների կազմակերման անհրաժեշտութիւնը:
Ծրագրի երկրորդ բաժնում իրկանացւեցին ընդունելութիւն եւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ ուրախ ժամանց, ապա վարչութեան կողմից անդամուհիներին նւիրւեցին յուշանւէրներ:
Հարկ է նշել, որ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը ուրբաթ՝ ապրիլի 7-ի առաւօտեան ծերանոցում բնակւող մայրիկների համար նոյնպէս կազմակերպել էր մեծրաման միջոցառում: