Սպահանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2017 թւականի Ապրիլի 8-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, Կիրակնամուտի ժամերգութեան աւարտին,համայնքիս հոգեւոր Տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ մասնակցութեամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ դպրաց դասի կատարւեց հոգեհանգստեան պաշտօն՝ Արցախի քառօրեայ պատերազմի տարելիցի առիթով, զոհւածների յիշատակին:
Արարողութեանը ներկայ էին Հայ Համայնքի Վարչութիւնը, միութիւնների ներկայացուցիչներն ու համայնքի անդամները:
Արարողութեան աւարտին իր սրտի խօսքը փոխանցեց Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով փառաւորելով նահատակների սուրբ յիշատակը՝ ընդգծեց, որ ողջերը իրենց զէնքով, իրենց պայքարով են սարսափելի, իսկ ընկածները իրենց վրէժով ու անմոռաց յիշատակով: Գերպ. Հայր Սուրբը մեծարեց նահատակ անմահ մարտիկների սուրբ յիշատակը, ովքեր թողեցին իրենց հարազատ ընտանիքը, իրենց գործը, իրենց աշխատանքը՝ գնացին Խաչի յետեւից եւ իրենց նահատակութեամբ անմահացան եւ դրա համար ընկածները աւելի սարսափելի են իրենց յուշերով ու մանաւանդ վրէժով:
Գերպ. Հայր Սուրբն աղօթեց զոհւածների հոգիների խաղաղութեան համար, նրանց մայրերի, ընտանիքների, երեխաների մխիթարութեան համար: Նաեւ օրհնելով բոլորին այսպէս շարունակեց իր աղօթքը. «Թող Աստւած մեր երիտասարդների մէջ զարգացնի գաղափարի լոյսը, եւ Աստծու զօրութեամբ ծլարձակւի հողի, հայրենիքի հանդէպ սէրը: Եւ թող նոր մայրեր ծնեն նոր մարտիկներ, նոր կամքեր, նոր Արցախներ, նոր արցախցիներ, նոր Արցախը պահողներ, նոր Հայաստան կերտողներ եւ մանաւանդ նոր հայ ազգը եւ հայ ազգի անունը բարձրացողներ: Թող իրենց հոգուն լոյս իջնի, թող նրանց յիշատակը անմար մնայ եւ թող ընկածների յիշատակը մեզ նոր պայքարի, նոր վրէժի եւ նոր մարտունակութեան մղի:»
Վերջում բոլորը միասնաբար աղօթեցին Տէրունական աղօթքը եւ խնկարկեցին զոհւածների անմահ յիշատակին: