Տասը կոյսերի առակի յիշատակի օրւայ առթիւ, երեքշաբթի՝ ապրիլի 11-ի երեկոյեան ժամը 5:30-ին, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին, Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու եւ Ս. Մինաս եկեղեցիներում տեղի ունեցաւ եկեղեցական արարողութիւն: Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի ու «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան համագործակցութեամբ, սոյն դպրոցների աշակերտուհիները վերոնշեալ եկեղեցիներում մարմնաւորեցին առակի տաս կոյսերին: «Քանանեան» դպրոցի աշակերտուհիները մասնակցեցին Ս. Աստւածածին եկեղեցու, իսկ «Արմէն» կրթահամալիրի աշակերտուհիները՝ միւս երեք եկեղեցիների ժամերգութիւններին:
Թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը նախագահեց Ս. Աստւածածին եկեղեցու արարողութեանը, որին մասնակցում էին՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու դպրաց դասի ներկայացուցիչներ:
Կարգի ընթացքում ընթերցւեցին ստեղծագործութեան եւ Նոյ նահապետի ու Ջրհեղեղի աստւածաշնչական դրւագները, աստւածապաշտութեան ճանապարհին իմաստութեան կարեւորութիւնը շեշտող սուրբգրային հատւածներն ու երկնքի արքայութեանն անդրադարձող Տասը կոյսերի առակի աւետարանական բաժինը: Վերջին ընթերցման պահին, առակի տաս կոյսերի դերը մարմնաւորող երիտասարդուհիները, վառւած մոմեր իրենց ձեռքում պահած կանգնեցին եկեղեցու դասի առջեւ եւ նրանցից հինգը, որոնց ոչ-իմաստուն վիճակն էր բաժին հասել, մարեցին իրենց մոմերը:
Այնուհետեւ ներկաներին ու յատկապէս արարողութեանը մասնակից աշակերտուհիներին իր պատգամը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը: Նա իր խօսքն ուղղելով առակը ներկայացնող տաս երիտասարդուհիներին ասաց, որ մի թղթի կտորով չի ճշտւում որեւէ անհատի յիմար կամ իմաստուն լինելը եւ մարդ արարածի իմաստութիւնը որոշւում է իր միջոցով՝ սեփական ընթացքի ու վարմունքի արդիւնքում: Հայր Սուրբն իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ կեանքի ճիշտ ընթացքն ընտրելու համար հարկաւոր է ունենալ իմաստութիւն, որը գալիս է կեանքի փորձառութիւնից, յորդորեց՝ փորձառութիւնն անձնական սխալների հաշւին աւելացնելու փոխարէն, օգտւել ծնողների, ուսուցիչների եւ հոգեւոր հայրերի կեանքի փորձառութիւնից եւ դրանից բխած իմաստութիւնից:
Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը վերջում աղօթելով առ Աստւած, որ երիտասարդներին շնորհի գլխաւոր իմաստութիւնը՝ մեծերի, ծնողների եւ աստւածային պատւիրանների նկատմամբ հնազանդ լինելը, մարած մոմերով երիտասարդուհիներից ուզեց մօտենալով միւս հինգին, իրենց մոմերը վառեն նրանց մոմերով՝ ի նշան այն իրողութեան, որ նրանց մէջ յիմար անձ գոյութիւն չունի: