Սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերի տօնի առթիւ, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ագզ. մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի, հինգշաբթի՝ ապրիլի 6-ի երեկոյեան, հայոց ագզ. կրթահաալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում իրականացւեց մեծարանքի երեկոյ, որտեղ որպէս պատւաւոր հիւրեր հրաւիրւել եւ ներկայ էին նոյն դպրոցի աշակերտութեան մայրերն ու տատիկները:
Ծրագրի բացումը կատարւեց պատկան Ծնողական խորհրդի անդամուհի Լուսինէ Մկրտչեանի միջոցով, ուր շնորհաւորանքի ջերմ խօսքեր փոխանցելով տօնի առթիւ, մայրերի համար անհրաժեշտ նկատեց Աստւածամօր բարութեան եւ սիրոյ աղբիւրից ներշնչւելը եւ այս քնքուշ էակներին ցանկացաւ՝ ընտանեկան ջերմութիւն, յարւերժ հմայք ու գեղեցկութիւն եւ յատկապէս մայրական երջանկութիւն:
Բացման խօսքին յաջորդեց մանկապարտէզի Վարդագոյն եւ Դեղին խմբակների սաների ինչու չէ նաեւ նախակրթարանի աշակերտ-ուհիների միասնական գեղարւեստական ելոյթը՝ մօրը նւիրւած խմբական երգերով ու ասմունքներով յագեցած, որը լաւագոյն եւ ամենայիշարժան տօնական նւէրն էր սրահում ներկայ մայրերին:
Ծրագրի բանախօսական բաժնում արտայայտւեց Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների ուսուցչուհի Վիոլետ Յարութիւնեանը: Նա իր խօսքն սկսեց մայր բառի մեկնաբանութեամբ, նշելով, որ ընտանիքների այս բուրումնաւէտ ծաղիկները՝ մայրերը, հանդիսացել են որպէս զաւակներին դաստիարակող ու սիրել սովորեցնող, անձնազոհութեան եւ նւիրւածութեան տիպար եւ Աստծոյ լոյսի պէս շողացող ու ընտանիքին ջերմութիւն պարգեւող էակներ:
Բանախօսն իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ մայրութիւնը պաշտամունքի առարկայ է եղել անյիշելի ժամանակներից եւ մօր նկատմամբ սիրոյ ու երախտագիտութեան զգացումը արտացոլւել է յատկապէս հայկական մշակոյթում ու արւեստում, առողջ, կիրթ եւ հայրենասէր սերնդի դաստիարակութիւնը համարեց որպէս մայրերի սխրանք եւ արժանիք:
Նա անդրադարձ ունենալով տարբեր ժամանակներում հայ կանանց ու մայրերի դերակատարութեանն ու առաքելութեանը, ընդգծեց, որ մեծ ու անժխտելի է հայ մօր յանձնառութիւնը ողջամիտ, ազգասէր եւ ազգանւէր զաւակներ դաստիարակելու նւիրական գործում եւ անգնահատելի է նրա ստանձնած դերը հայ ժողովրդի բազմադարեայ պատմութեան ընթացքում:
Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, իսկ մայրերին ու տատիկներին նւիրւեցին յուշանւէրներ:
Հարկ է նշել, որ սաներն ուսուցիչների օգնութեամբ իրենց մայրերի համար պատրաստել էին գունագեղ զարդեր (վզնոց), որոնց օր առաջ նւիրել էին նրանց, իսկ բոլոր մայրերը գեղեցիկ մտայղացմամբ իրենց փոքրիկների ձեռքի աշխատանքը կրել էին տօնական միջոցառման օրը: