Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի համատեղ նախաձեռնութեամբ, շաբաթ՝ ապրիլի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, Կիրակնամուտի ժամերգութեան աւարտին, նախագահութեամբ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի հոգեհանգստեան պաշտօն իրականացւեց՝ 2016 թւականի ապրիլին, Արցախի քառօրեայ պատերազմի ընթացքում նահատակւած հայորդիների յիշատակին:
Արարողութեան աւարտին ներկաներին իր սրտի խօսքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը, որը յիշելով ի գին իրենց թանկագին արեան քառօրեայ պատերազմից յաղթական դուրս եկած քաջարի հայ մարտիկներին, ընդգծեց, թէ նահատակների ազնիւ արիւնը ներծծած հայրենի հողից ծլարձակւելու են արդարութիւն, խաղաղութիւն եւ հանգստութիւն՝ հայ ժողովրդի ու հայրենիքի համար:
Վերջում բոլորը խնկարկեցին զոհւածների անմոռաց յիշատակին:
Արարողութեանը ներկայ էին թեմիս ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ:
Պաշտօնի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: