Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ, հինգշաբթի եւ ուրբաթ՝ մարտի 2-ին եւ 3-ին, սոյն մասնաճիւղի կենտրոնատեղիի դահլիճում իրականացւեց գարնանային ցուցահանդէս-վաճառք՝ առիթ ընձեռելով Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ձեռներեց կանանց վաճառքի հանելու իրենց պատրաստած թխւածքները, ձեռքի աշխատանքները, տօնական զարդերը, մրգանուշը, թթւեղէնը եւ մի շարք այլ իրեր: Վաճառքի բաժնում յատուկ կրպակ էին զբաղեցրել նաեւ կազմակերպիչ միութիւնն ու Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը՝ ցուցադրելով իրենց շնորհաշատ անդամուհիների ձեռքի պատրաստածը:
Երկօրեայ աշխատանքի ընթացքում բազմաթիւ հայ եւ պարսիկ հայրենակիցներ այցելեցին սոյն ցուցահանդէս-վաճառքի կենտրոն. պարսիկ հայրենակիցները յատկապէս առիթ ունեցան մօտիկից ծանօթանալու հայկական ձեռարւեստին ու մշակոյթին:
Վաճառքին զուգահեռ աշխատեց նախատեսւած բիւֆէն՝ այցելուներին մատուցելով համեղ ուտելիքներ ու ըմպելիքներ:
Ծրագրի կազմակեպման գործում մասնաճիւղի վարչութեան հետ համագործակցել էին նոյն միութեան Ձեռնարկային յանձնախումբն ու Գրական միաւորը:
Թղթակից (Նոր Ջուղա)