Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ մարտի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, կայացաւ «Համազասպ» գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Հայ գաղթօջախների եւ Սփիւռքի պատմութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Գէորգ Ստեփանեանը:
Հայ ռազմական, հասարակական, քաղաքական եւ պետական ակնառու գործիչ, հայոց պետականութեան հիմնադիրներից եւ ՀՅԴ մարտական փաղանգի ամենապայծառ դէմքերից Համազասպ Սրւանձտեանցի կեանքին ու գործունէութեանը անդրադարձող այս մենագրութիւնը լոյս է տեսել 2016 թւականին: Գրքի տպագրութեան մեկենասութիւնը յանձն է առել շրջանիս Հայ Դատի յանձնախումբը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-ամեակի եւ Փետրւարեան ապստամբութեան 95-ամեակի առիթներով:
Շնորհանդէսին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Հայ Դատի յանձնախմբի անդամները, հոգեւորականաց դասի, ազգային մարմինների, դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ ընթերցասէր ժողովուրդ: Նշելի է, որ միջոցառմանը մասնակցել էին նաեւ Հայաստանից հրաւիրւած հիւրեր՝ աշխատութեան հեղինակը եւ գրախօսներ՝ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայ հասարակական մտքի եւ մամուլի պատմութեան բաժնի վարիչ դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատեանն ու Խ. Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի հայոց պատմութեան ամբիոնի դասախօս, պատմական գիտութիւնների թեկնածու-դոցենտ Աւետիս Յարութիւնեանը:
Սկզբում ողջոյնի խօսք ասաց երեկոյի հանդիսավար Մանիա Ղուկասեանը, ապա ելոյթ ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը: Նա դրւատելով հեղինակի կատարած լայնածաւալ աշխատանքը՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ աշխատութիւնը հայ ժողովրդին իր ծառայութիւնն է մատուցել հետեւեալ չորս ուղղութիւններով. առաջին՝ իրականութիւն է դարձրել ՀՅԴ գաղափարախօս-տեսաբան եւ պատմագիր Միքայէլ Վարանդեանի վաղեմի փափագի մի բաժինը՝ հերոսների փոթորկալից ապրումները գրառելու կապակցութեամբ. երկրորդ՝ բաւարարել է Համազասպի աւագ որդի Գարեգինի ցանկութիւնը՝ իր հօր բարի անունը վերականգնելու ուղղութեամբ, որը պատմութեան աղաւաղման քաղաքականութեան հետեւանքով այլ կերպ է ներկայացւել հանրութեանը. երրորդ՝ որպէս փաստավաւերագրական հարուստ շտեմարան՝ լոյս է սփռել պատմական ճշմարտութեան վրայ եւ չորրորդ՝ ծառայել է մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեան գործին:
Այնուհետեւ ցուցադրւեց փետրւարի 17-ին Երեւանում տեղի ունեցած սոյն գրքի շնորհանդէսի տեսագրութիւնից մի հատւած, ուր հնչել էր Համազասպին նւիրւած երգը ազատամարտերի երգերի կատարող Սահակ Սահակեանի միջոցով եւ գրախօսական ելոյթ էր ծաւալել ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի տնօրէն դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը:
Յաջորդիւ արտայայտւեցին գրախօսներ՝ ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատեանն ու պատմական գիտութիւնների թեկնածու-դոցենտ Աւետիս Յարութիւնեանը:
Պրն. Խառատեանը նշելով, որ վիթխարի փաստեր եւ արխիւային նիւթեր են ընդգրկւած գրքում, անդրադարձաւ հեղինակի կատարած տքնաջան աշխատանքին ու շարունակեց, թէ փաստավաւերագրական այս հաստածաւալ գիրքն ունի շատ ճկուն զարգացում եւ ճոխ լեզու, որոնցով իւրայատուկ շունչ է հաղորդւել նրան:
Պրն. Յարութիւնեանն իր գրախօսականում նախ թւարկելով Գէորգ Ստեփանեանի իրագործած մի շարք աշխատութիւնները, որոնցով լուսարձակի տակ են առնւել 1918-ից 1920 թւականներին Գանձակում եւ Բաքւում իրականացւած հայերի ցեղասպանութիւնը եւ ինքնապաշտպանութեան մարտերը, շեշտեց, որ այդ աշխատութիւնները պատմագիտական առումով տպաւորիչ ապտակ են հասցնում ադրբեջանական եւ թուրքական պատմագրութեան այն ներկայացուցիչներին, ովքեր ելնելով քաղաքական մի շարք նպատակներից, փորձում են աղաւաղել փաստերը եւ նենգափոխել իրականութիւնը: Նա իր խօսքը շարունակեց հիմնականում համառօտ կերպով անդրադարձ ունենալով գրքի եօթ գլուխների բովանդակութեանը, ուր ներկայացւած են հերոսի կեանքի եւ գործունէութեան զանազան ժամանակաշրջանները:
Խօսքերի բաժինը եզրափակւեց հեղինակի արտայայտութիւններով: Պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Գէորգ Ստեփանեանն իր խօսքում յատկապէս նշեց, որ նիւթերի հաւաքագրման եւ ուսումնասիրման գործում հանդիպել է մեծ դժւարութիւնների, քանի որ խորհրդային միութեան ժամանակաշրջանում ոչ միայն Դաշնակցութեան եւ ֆիդայական շարժումների մասին խօսելն արգելւած է եղել, այլեւ որոշ անհատների, այդ թւում նաեւ Համազասպին պիտակաւորել են անհիմն մեղադրանքներով: Նա իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով հերոսի կեանքին ու գործունէութեանը, համառօտ կերպով ներկայացրեց պատկան դրւագներից մի քանիսը:
Ահա մի հատւածի մէջբերում հեղինակի ելոյթից.
«Բաքւի հերոսամարտի պատմութիւնը խորհրդային պատմագրութեան ամենակեղծւած շրջաններից է: Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ, թուրքական զօրքերը նպատակ ունէին գրաւելով Բաքուն, մտնել Արցախ եւ Զանգեզուր, ուր միանալով իրենց 3-րդ եւ 4-րդ զօրախմբերին պէտք է շրջապատէին ամբողջ Արեւելահայաստանը եւ արեւելահայութեանը ենթարկէին ցեղասպանութեան: Սակայն սոյն ծրագիրը կասեցւեց ոչ միայն Մայիսեան հերոսամարտերի, այլեւ Բաքւի հայութեան ինքնապաշտպանութեան շնորհիւ, որը կազմակերպեց ՀՅԴ Բաքւի Կենտ. Կոմիտէն ու Բաքւի հայոց ազգ. խորհուրդը՝ յանձինս Դաշնակցութեան հիմնադիրներից Ռոստոմի …: Այս հերոսամարտի մարտունակ ուժերից երրորդ բրիգադը ղեկավարում էր Համազասպ Սրւանձտեանցը: Թէեւ ուժերի անբաւարարութեան պատճառով թուրքերը գրաւում են Բաքուն եւ կոտորածի ենթարկում 30,000 –ից աւելի տեղի հայութեանը, սակայն հայկական կողմի մղած 4-ամսեայ հերոսական կռիւների պատճառով ուժերը քամւած թշնամու բանակը այլեւս ի վիճակի չի լինում մտնել Արցախ»:
Գէորգ Ստեփանեանն իր խօսքի վերջին բաժնում կարեւորելով հայ ազատամարտի պատմութեան երեւելի գործիչների մասին գրելը՝ իր երախտիքի խօսքն ուղղեց շրջանիս Հայ Դատի յանձնախմբին՝ գրքի տպագրութիւնը հովանաւորելու համար: Նա յայտարարեց նաեւ, որ զբաղւում է մի այլ աշխատութեան ամբողջացման ուղղութեամբ՝ նւիրւած Համազասպի ընկեր Արշակ Գաւաֆեանին՝ Քեռիին:
Ծրագիրն աւարտւեց մեներգիչ Կարէն Օհանեանի միջոցով յեղափոխական ոգեշնչող երգերի կատարմամբ: Մեներգչին երգեհոնի նւագակցութեամբ ընկերակցեց Արին Խաչիկեանը: