Ուրբաթ՝ փետրւարի 24-ին, Սպահանի հայոց թեմի չորս ընտրատարածքներում՝ Նոր Ջուղայում, Շահինշահրում, Շիրազում եւ Փերիայում կայացան թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները:
Նոր Ջուղայի ընտրատարածքում քւէարկութիւնը մեկնարկեց առաւօտեան ժամը 8-ին՝ նախատեսւած երկու ընտրատեղամասերում: Ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցելով ընտրութիւններին՝ յառաջիկայ չորս տարիների համար ընտրեց այս նստաշրջանի 12 պատգամաւորներին:
Միջօրէից առաջ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների ատենապետերը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչն ու Նոր Ջուղայի ընտրատարածքի թեկնածուները միասնաբար ներկայացան Չհարսու պողոտայի ընտրատեղամաս («Կատարինեան» դպրոցի նախկին շէնք), որտեղ էլ քւէարկեցին: Միւս ընտրատեղամասում կատարւող աշխատանքին ծանօթանալու նպատակով՝ վերոնշեալ պատւիարակութիւնն այցելեց նաեւ «Արմէն» դպրոց:
Նշենք նաեւ կէսօրից յետոյ ժամը 3-ին, «Արմէն» դպրոց ընտրատեղամասի քւէատուփը շուրջ մէկ ժամով փոխադրւեց հայոց ազգ. ծերանոց՝ սոյն հանգստի տան բնակիչներին առիթ ընձեռելով իրենց ազգային պարտականութիւնը կատարելու:
Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Ընտրական յանձնախմբի յայտարարութեան համաձայն Նոր Ջուղայի ընտրատարածքում առաւելագոյն ձայները հաւաքելով, որպէս պատգամաւոր ընտրւել են Թաթուլ Օհանեանը, Սեդիկ Այւազեանը, Արմոնդ Բաղրամեանը, Մկրտիչ Աւետումեանը, Նորւիկ Պօղոսեանը, Վազգէն Թահմազեանը, Վահէ Շահիջանեանը, Անուշ Էստիկը, Գեղարդ Մանսուրեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսը, Վազրիկ Վարդանեանը եւ Անդրէ Քալանթար Օհանեանը:
Շահինշահրում ընտրւել են Մառիթա Քեշիշեանը, Մելինէ Թորոսեանն ու Վիոլետ Յարութիւնեանը, Փերիոյ շրջանից՝ Ջանի Նազարեանը, իսկ Շիրազում համայնքի ժողովուրդը միաձայնութեամբ իր ձայնը տւել է միակ թեկնածու՝ Հերմոնդ Յարութիւնեանին: