Նախաձեռնութեամբ հայոց ազգային «Քանանեան» դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպւել էր հետաքրքիր եւ գնահատանքի արժանի ցուցահանդէս՝ «Անւանի Նոր Ջուղայեցիներ» խորագրով, որի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ փետրւարի 10-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի: Ցուցահանդէսին, որը նւիրւած էր Իրանի իսլամական յեղափոխութեան 35-րդ տարեդարձին, ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները եւ մի շարք հրաւիրեալներ:
«Մեծերը մեր ճանապարհը լուսաւորում են, ուղի ցոյց տալիս: Մեծերը կամուրջ են, երկիրն ու երկինքն իրար ծիածանող՝ սիրոյ, բարութեան, ազնւութեան, գեղեցկութեան կամար ոգեղէն, որի երփներանգ գոյները պիտի հրավառեն մեր սրտերի մէջ, լուսաւորեն ու ջերմացնեն մեզ… Ու այսօր այստեղ այդ մեծերից ներկայացւել են մի փունջ նշանաւոր ջուղայեցիներ, ովքեր սնւելով այս հողից, իրենց անխոնջ ու բեղմնաւոր աշխատանքով, կրթութեան, գիտութեան, արւեստին եւ սպորտին ծառայելու մեծ մղումով անմնացորդ նւիրւել են իրենց աշխատանքին, դառնալով վառ անհատականութիւններ». այս գեղեցիկ խօսքերով հանդէս եկաւ աշակերտուհի Շաղիկ Մատթէոսեանը, որից յետոյ ցուցահանդէսի կազմակերպման եւ նախապատրաստական աշխատանքների կապակցութեամբ արտայայտւեց դպրոցի գրադարանավարուհի Կարին Տէր Մարտիրոսեանը:
Սոյն ցուցահանդէսում ներկայացւել էին մի խումբ ջուղայեցիների պատկերներ համապատասխան կենսագրականներով, ովքեր ծնւելով Նոր Ջուղայում եւ գործունէութիւն ծաւալելով արւեստի, քաղաքականութեան, մարզանքի եւ այլ ոլորտներում, անմոռանալի հետք են թողել պատմութեան էջերում:
Ցուցասրահի մի այլ բաժնում ցուցադրւել էին նաեւ աշակերտների կատարած լուսանկարները՝ այցելուներին առիթ տալով իրենց նախընտրած նկարի օգտին քւէարկելու: Նշելի է, որ լաւագոյն լուսանկարները մասնակցել են Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի 3-րդ շրջանի կողմից կազմակերպւած մրցոյթին: Գեղեցիկ մտայղացում էր նաեւ աշակերտուհի Ռոժին Ներսիսեանի նկարչութիւնների ցուցադրումը, որոնք իրենց նորաոճութեամբ մեծ ուշադրութեան են արժանացել Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի կողմից եւ «Խառազմի» փառատօնի առաջին փուլը յաղթահարելով, անցել են յաջորդ փուլ:
Բացման հանդիսութեանը յաջորդեց անակնկալ մի մրցոյթ, որին ականատես լինելու համար բոլորը հրաւիրւեցին կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահ: Սոյն մրցոյթին, որը կազմակերպւել էր ազգային աւանդոյթների պահպանման նպատակով, մասնակցել էին 15 ծնողներ, ովքեր իրենց պատրաստած աւանդական ճաշատեսակները յանձնեցին իրաւարար կազմի դատին: Ճաշատեսակների շարքում աչքի էին ընկնում բորանին, տոլման, հարիսան, մախոխը, փառինջով փլաւը, սմսմուկը, սպասը եւ այլը:
Մեծ էր առաջացած խանդավառութիւնը, իսկ ներկաներին առաւել ոգեւորեցին Կարին Տէր Մարտիրոսեանն ու դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը: Մրցոյթի ընթացքում բացատրւեց, որ սոյն մրցոյթի կազմակերպումը Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի մտայղացումն է, նպատակ ունենալով աշակերտներին հեռու պահելու դրսում պատրաստւող ուտեստեղէնից:
Որպէս իրաւարար կազմի անդամներ՝ Սեդիկ Բալեանը, Վարդուշ Զարգարեանը, Զեփիւռ Մարտիրոսեանը, Ժարմինէ Ուղուրեանը եւ Նոռա Նաւասարդեանը գնահատեցին իւրաքանչիւր ճաշատեսակ՝ ըստ մատակարարման ձեւի, ձեւաւորման ոճի, բոյրի եւ համի:
Մրցոյթն ընթացաւ ջերմ ու հաճելի մթնոլորտում, որտեղ մասնակիցները հանդէս եկան իրենց ճաշատեսակի բաղադրութիւնների եւ պատրաստման ձեւի մասին բացատրութիւններով, իսկ հանդիսատեսն իր հարցումներն ու տեսակէտները փոխանցեց մասնակիցներին:
Հարկ է նշել, որ սոյն մրցոյթը հովանաւորել էին ծնողներ՝ Կարօ եւ Այիդա Յովսէփեանները:
Արդիւնքում լաւագոյններ ճանաչւեցին Սրբուհի Թահմազեանի, Վանուհի Միրջանեանի եւ Ժաքլին Պօղոսեանի պատրաստած ճաշատեսակները, եւ բոլոր մասնակիցները Սրբազան Հօր եւ ազգային մարմինների ներկայացուցիչների ձեռամբ ստացան գնահատագրեր:
Վերջում Թեմակալ Առաջնորդը գնահատելով ցուցահանդէսի եւ մրցոյթի կազմակերպումը, յայտնեց, որ սոյն նախաձեռնութիւնը հետաքրքիր եւ նորարարութիւն էր եւ միաժամանակ ապացուցում է, որ հայ մայրն ինչ բնագաւառում էլ որ աշխատի, փորձում է իր զաւակներին սնել առողջ ուտեստեղէնով: