2017 թւականի յունւարի 9-ի առաւօտեան Ս. Ամենափրկչեան Վանք այցելեց Սպահան քաղաքի ոստիկանապետ գնդապետ Եառդուստին, իրեն ընկերակից ունենալով մի քանի օգնականներ ու 15-րդ ոստիկանատան պետ գնդապետ Ջաբառ-Զառէին, եւ տեսակցութիւն ունեցաւ Թեմի կաթողիկոսական փոխանորդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ՝ ամանորեայ շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով:
Հիւրընկալ պատւիրակութիւնը բարձր գնահատեց ոստիկանութեան ցուցաբերած համագործակցութիւնն ու կարգադրութիւնները՝ Կաղանդի եւ Ամանորեայ տօներին Ազգային առաջնորդարանի տարածքի ապահովութիւնն ու խաղաղութիւնը կատարեալ կերպով պահպանելու համար:
2017 թւականի յունւարի 9-ի միջօրէին Ազգային առաջնորդարանը հիւրընկալեց Սպահան նահանգի Պետական գրանցումների հաստատութեան տնօրէնին եւ նրա օգնականներին, ովքեր Ամանորի առթիւ ազգային իշխանութեան պատւիրակութեան անդամներին իրենց շնորհաւորանքները փոխանցելուց բացի ընդհանուր տեղեկութիւններ տւեցին իրենց ղեկավարած հիմնարկի գործունէութեան մասին եւ պատրաստակամութիւն յայտնեցին հայ համայնքին առանձին սպասարկութիւն մատակարարելու նպատակով յատուկ գրասենեակ բացել Նոր Ջուղայի տարածքում:
Պետական գրանցումների գրասենեակը Ազգային առաջնորդարանին յանձնեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում Թեմի հայ նահատակներից երկուսի համար պատրաստած խորհրդանշական վկայագրերը՝ նրանց ընտանիքներին փոխանցելու համար, նաեւ այն հայի փաստաթղթի լուսապատճէնը, ով Սպահանում առաջին ինքնաթուղթ ստացողն է եղել:
Չորեքշաբթի՝ 2017 թւականի յունաւրի 11-ին Ամանորեայ շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով Ս. Ա. Վանք այցելեցին եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ազգային իշխանութեան պատասխանատուներին հանդիպեցին Սպահանի «Մելլի» դրամատան ընդհանուր եւ շրջանի մասնաճիւղի տնօրէններն ու ենթակայ պատասխանատուները: