Սպահան նահանգի մարմնամարզութեան (բոդիբիլդինգ) յանձնաժողովի նախագահ Հոսէյն Եառմոհամադեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, աննախադէպ այցելութիւն կատարելով հայի տնօրինութեամբ աշխատող «Մասիս» մարմնամարզութեան ակումբ, գնահատեցին սոյն յանձնաժողովին ենթակայ, Իրանի եւ միջազգային մակարդակներով իրականացւած առաջնութիւնների եօթ հայ չեմպիոններին ու նրանց մարզիչներին: Պատւիրակութեանը մաս էին կազմել յանձնաժողովի մի շարք պատասխանատուներ ու մարմնամարզութեան ոլորտի տարիների չեմպիոններ:

Հանդիպման ընթացքում հնչեցին շնորհաւորանքի խօսքեր ու բարեմաղթանքներ, ապա յանձնաժողովի նախագահի կողմից գնահատագրերի արժանացան մարմնամարզիկներ՝ Նոէլ Նորւիկ Օհանեանը, Մայիս Թորոսեանը, Մանուկ Թորոսեանը եւ Էդւիկ Մարկոսեանը, բազկամարտիկ Օշին Տէր-Գրիգորեանը, կրծքի փրեսով զբաղւող Սերօ Շահիջանեանն ու ծանրամարտիկ Սերգէյ Փանոսեանը: Գնահատւեցին նաեւ մարզիչներ՝ Շահռամ Ֆոռուղին եւ Մաջիդ Դուսթին: 

Նշելի է նաեւ, որ ի երախտագիտութիւն տրւած աննախադէպ այցելութեան, «Մասիս» մարմնամարզութեան ակումբի անունից սոյն կենտրոնի տնօրէն Նոէլ Նորւիկ Օհանեանը շնորհակալագրեր յանձնեց պրն. Եառմոհամադեանին եւ նրան ընկերակցող պատւիրակութեան անդամներին:

Թղթակից (Նոր Ջուղա)