Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած ամանորեայ հանդէսը, կայացաւ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:

Սոյն ձեռնարկին, որն արգասիքն էր դպրոցի աշխատակազմի եւ սաների աւելի քան մէկ ամիս կատարած անխոնջ ու ջերմեռանդ վարժութիւնների ու նախապատրաստական աշխատանքների, ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ-Տէր Մարտիրոսեանը, Կրթական խորհրդի ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները: 

Երեկոյի մեկնարկը տրւեց դպրոցի տեսչուհի Քառոլին Դիլանչեանի բացման խօսքով, ուր մաղթեց՝ գալիք տարւայ ընթացքում խաղաղութիւն տիրի աշխարհում, իրականանան բոլոր երազանքները եւ իւրաքանչիւր բացւող օր խինդ ու բերկրանք բերի մանուկներին: Նա շեշտեց նաեւ«Ամանորը հրաշալի տօն է. այն կախարդական է, խորհրդաւոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ:Այս տօնին մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսաւոր հեքիաթի եւ կարծում եմ որեւէ մէկը հեքիաթը, հրաշքն ու կախարդանքը չի պատկերացնում առանց մեր մանուկների»: 

Այնուհետեւ իրականացւեց մանկապարտէզի կրտսեր ու աւագ խմբակների սաների ներկայացումը, որի համաձայն չար կախարդն իր սեւ մոգութեամբ յաւերժացրել էր ամառւայ տօթը եւ խափանել ձմեռն ու Նոր տարին: Կախարդանքը վերացնելու համար՝ սկզբում փորձեր կատարեցին եօթ գաճաճները, ապա հեքիաթների արքայազներն ու արքայադուստրերը, սակայն աւաղ նրանցից ոչ մէկին էլ չյաջողւեց կոտրել հզօր կախարդանքը: Յաջորդիւ եկան բարի փերիները, ովքեր իրենց բարութեան ու իմաստութեան ամբողջ ուժը կուտակելով կախարդական փայտիկների մէջ, ոչնչացրին սեւ մոգութիւնն ու ձիւն պարգեւեցին հեքիաթների աշխարհին: Իսկ վերջում յայտնւեցին փոքրիկ Ձմեռ պապիկներն ու Ձիւնանուշները, որոնք ոչ միայն աւետեցին Նոր տարւայ գալուստը, այլեւ իրենց բարեմաղթանքները փոխանցեցին բոլորին: Ամբողջ արարը ողողւած էր ասմունքներով ու գեղեցիկ պարերով: Ներկայացումը եզրափակւեց արտասանութիւնից ու երգերից կազմւած շարանով, ինչու չէ նաեւ մանուկների դէմքին գծւած գոհունակ ժպիտով, որն առաջացաւ Ձմեռ պապիկից մրգեր ստանալուց յետոյ:

Երկրորդ անգամ բեմը բացւելուն պէս մուտք գործեցին նախակրթարանի սաները՝ աղջիկները եղեւնու, իսկ տղաները եղջերոյի կերպարներ ընդունած: Քիչ յետոյ նրանց միացաւ փերին, ով առաջարկեց բոլորին հեքիաթների աշխարհի հանդէսին հասնելու համար ճամբորդել իր կառքով: Եւ այսպէս ճանապարհին, մանուկներից իւրաքանչիւրը երկխօսութիւն ունեցաւ փերիի հետ: Ծրագրի այս բաժինը լցւած էր երգերով ու պարերով: 

Երբ խումբը տեղ հասաւ, դարպասների մօտ օգնութիւն խնդրեց դահլիճում ներկայ ծնողներից, որպէսզի միասնաբար «Դէ արի Ձմեռ պապիկ» երգով կանչեն ալեհեր պապիկին: Ծնողների ու սաների միասնական երգին անսալով մուտք գործեց Ձմեռ պապիկը եւ բոլորին գեղեցիկ մրգեր նւիրեց: Սաներն արարը եզրափակեցին ամանորեայ մաղթանքներով, իսկ ամենավերջում բեմ հրաւիրեցին գերպ. Հայր Սուբրին՝ իր հայրական օրհնանքը փոխանցելու համար: Սոյն ներկայացման բարի փերիի դերը մարմնաւորեց Շաղիկ Մատթէոսեանը:

Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հիացմունքն արտայայտեց, առ այն, որ իր կեանքում առաջին անգամւայ համար բեմ հրաւիրւեց շատ գեղեցիկ կերպով՝ մանուկների միջոցով կատարւած հրաւէրով: Ապա անդրադառնալով երեկոյի երկու ներկայացումներին՝ շեշտեց, որ սաներին յաջողւեց հանդիսատեսին ամբողջ սրտով ու հոգով փոխադրել իրենց մանկութեան ժամանակաշրջան: Նա ընդգծեց նաեւ՝ փոքրիկները հրեշտակների պէս օրհնաբեր են եւ ունեն այնպիսի զօրաւոր կախարդանք, որը կարողանում են իրենց մի կաթիլ արցունքով կախարդել ու սառեցնել մեզ կամ էլ իրենց գեղեցիկ ժպիտով դրախտի վերածել մեր ներաշխարհը: Հայր Սուրբի պատգամն աւարտւեց շնորհակալական խօսքով՝ ուղղւած դպրոցի պատասխանատուներին եւ յատկապէս սիրասուն փոքրիկներին: 

Նշելի է, որ Ամանորն աւելի տպաւորիչ դարձաւ դպրոցի անձնակազմի եւ ծնողական խորհրդի անվերապահ ջանքերով կազմակերպւած ամենամեայ նախատօնակի ու նկարահանման ծրագրերով: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, անակնկալներով լի միջոցառման ընթացքում համայնքի անդամները յատկապէս փոքրիկներն առիթ ունեցան լուսանկարւելու Ձմեռ պապիկի հետ, իսկ երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ի առաւօտեան, դպրոցում, իրականացւեց նախատօնակ, ուր Ձմեռ պապիկն այցելեց աշակերտներին, ունկնդրեց նրանց ցանկութիւնները, պարեց ուզւարճացաւ սաների հետ եւ վերջում գեղեցիկ նւէրներ պարգեւեց նրանց: 

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան