Աւելի քան 40 տարի վաստակ արձանագրած եւ բեղուն գործունէութիւն ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը 2016 թւականի իր տարեկան համերգն իրականացրեց ուրբաթ՝ դեկտեմբերի 23–ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ ղեկավարութեամբ խմբավար Արմէն Ամիրխանեանի:
Համերգին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ ու ժողովուրդ:
Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց նոյն երգչախմբի անդամուհի Լալագէ Իսաղուլեանը, ով նաեւ ընթացքում իրազեկեց կատարւող իւրաքանչիւր համարի մասին:
Համերգային ելոյթի շրջագծում կոմիտասցիներն անզուգականօրէն կատարեցին Կոմիտասի «Կուժն առա», «Գնա, գնա» եւ «Երկնից, գետնից» ստեղծագործութիւնները, Էդգար Յովհաննիսեանի «Անուշ անուրջով»-ը, «Էրզրումի շորոր»-ը՝ Գէորգ Մանասեանի երաժշտութեամբ, Ռոբերտ Պետրոսեանի «Ֆանտազիա» եւ «Մուսա լեռան կարօտը» երգերն ու Ալեքսանդր Յարութիւնեանի «Պոէմ երգի մասին» ստեղծագործութիւնը, իսկ ընթացքում երգչախմբի արական սեռի ներկայացուցիչների կատարմամբ ժողովրդական երգերից հնչեցին «Լուսնակ գիշեր»-ը՝ Թաթուլ Ալթունեանի եւ «Աղջիկ դու սիրուն»-ը Կարա Մուրզայի մշակմամբ:
Աւարտին Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին: Նա դրւատանքով արտայայտւեց երգչախմբի կատարումների մասին եւ աւելացրեց, որ անհամբերութեամբ է սպասել այս համերգային ելոյթին: Հայր Սուրբն անդրադառնալով յատկապէս խմբի առաջին երգին, որը գիւղացու կողմից առ Աստւած բարձրացւած աղօթք է, նման երգի ընտրութիւնը որպէս երեկոյի մեկնարկ, օրհնաբեր համարեց եւ այդ կապակցութեամբ գնահատեց ղեկավարի գեղեցիկ մտայղացումը: Գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն իր արտայայտութիւնները եզրափակեց շնորհաւորանքի, քաջալերանքի եւ գնահատանքի խօսքերով:
Վերջում, ընդունւած կարգի համաձայն, կոմիտասցիները կատարեցին նաեւ իրենց յաջորդ համերգից մի հատւած՝ Վիվալդիի «Գլորիա»-ն:
Երգերի գործիքաւորումները կատարւել էին Րաֆֆի Շահբազեանի եւ Հարմա Կարապետեանի միջոցով: