Սբ. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախումբն իր նախաձեռնած միջոցառումների շրջագծում, այս անգամ տարրական դպրոցի աշակերտութեան համար կազմակերպեց ընթերցանութեան մրցոյթ-միջոցառումներ՝ հիմնականում նպատակ ունենալով մատաղ սերնդի սէրը հայերէն ընթերցանութեան նկատմամբ բարձրացնելու եւ հայ գրականութեան թանկագին գոհարներին նրանց առաւել ծանօթացնելու:
Ընթերցանութեան մրցոյթ-միջոցառումները կազմակերպւել էին յոբելեար գրադարանում՝ Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի առաջինից չորրորդ դասարանների սաների մասնակցութեամբ: Իւրաքանչիւր դասարանի աշակերտներին ուղեկցում էր պատկան ուսուցչուհին:
Առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանցիների համար՝ դեկտեմբերի 1-ին, առանձնաբար տեղի ունեցան երեք ոչ մրցութային ընթերցանութեան միջոցառումներ, որտեղ նրանք խմբական ձեւով ներկայացրին իրենց նախօրօք տրւած մանկական գրականութիւնից արձակ ու չափածոյ նիւթերը: Առաջին եւ երկրորդ դասարանների սաներն անգիր ասմունքեցին Յովհաննէս Թումանեանի «Շունն ու կատուն» չափածոյ հեքիաթը, իսկ երրորդի աշակերտները՝ ընթերցեցին Ղազարոս Աղայեանի՝ «Գիւլնազ տատի հեքիաթը» եւ «Ծառերի գանգատը»: Միջոցառման ընթացքում երեխաներն իրենց տրւած հեքիաթները նկատի առնելով՝ պատրաստեցին օրիգամի աշխատանքներ, իսկ քանի որ երրորդ դասարանցիների հեքիաթը բնապահպանութեան մասին էր, նրանք դիտեցին նաեւ այս թեմային առնչւող մուլտֆիլմ:
Այս շրջագծում դեկտեմբերի 3-ի երեկոյեան կայացաւ չորրորդ դասարանի համար նախատեսւած ընթերցանութեան մրցոյթը՝ ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանի եւ Թովմա Գալստանեանի իրաւարարութեամբ: Սոյն բաժնի ընթերցանութեան նիւթերը «Ուս-ուսի որ տանք սարեր շուռ կը տանք» եւ «Առիւծը, աղւէսն ու մուկը» առակներն էին, որոնք նոյնպէս նախապէս տրւել էին մասնակիցներին: Իրաւարար կազմը մասնակիցների ելոյթը գնահատեց հետեւեալ չափանիշերով. նկատի առնելով՝ սահուն ընթերցելը եւ յոյզերի ճիշտ փոխանցելը:
Շարունակութեան մէջ տեղի ունեցաւ նաեւ գրաւոր մրցոյթ, որտեղ երեխաները պատասխանեցին նոյն առակների շուրջ հարցերին:
Բանաւոր եւ գրաւոր մրցոյթների արդիւնքների ամփոփումից յետոյ լաւագոյնը ճանաչւեցին Էմմի Մկրտչեանն ու Վահագն Մինասեանը՝ ստանալով զոյգ մրցոյթների ամբողջ միաւորները, իսկ մինչեւ այդ խումբը պատրաստեց թեմային համահունչ օրիգամի աշխատանքներ:
Մասնակիցների գնահատումը կայացաւ դեկտեմբերի 5-ին, պատկան դպրոցում, որտեղ բոլորին տրւեցին գնահատագրեր ու յուշանւէրներ, իսկ մրցութային բաժնի յաղթողներին՝ պարգեւներ:
Նշելի է, որ ընթերցանութեան մրցոյթը կազմակերպւելու է նաեւ տարրական դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանների համար՝ 2017 թւականի սկզբին: