Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութեան ու անձնակազմի նախաձեռնութեամբ կազմակերպւող ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքը այս տարի նւիրւած էր Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի 110-ամեակին:
Ցուցահանդէսի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ ուրբաթ՝ նոյեմբերի 25-ի առաւօտեան, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, ազգային մարմինների ու դպրոցների ներկայացուցիչների, ուսուցիչների, աշակերտների, ծնողների ինչու չէ նաեւ համայնքի ընթերցասէր ժողովրդի:
Սկզբում պաշտօնական բացումը կատարւեց գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով ժապաւէնի յատումով, ապա կազմակերպիչ դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը ողջունելով ներկաներին անդրադարձ ունեցաւ ամենամեայ այս միջոցառման կազմակերպման անհրաժեշտութեանը, բացատրութեամբ հանդէս եկաւ ցուցադրւած գրքերի ու իրերի շուրջ, իսկ վերջում անդրադառնալով նաեւ այս տարւայ ցուցահանդէսի կազմակերպման առիթին՝ խօսքը փոխանցեց յոբելեար գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանին:
Օր. Միրզախանեանն սկզբում ակնարկ ունենալով «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման պատմութեանն ու յետագայում պատկան մասնաշէնքի նորոգութեան ու գրքերի համալրման համար կատարւած աշխատանքներին՝ կարեւորութեամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում գրադարանի արդիականացման եւ աշխատանքների ծաւալի ընդլայնման ուղղութեամբ կատարւած գործունէութիւնը, ինչպիսիք են՝ էլեկտրոնային շտեմարանի հիմնադրումը, ընթերցանութեան համար համապատասխան հնարաւորութիւններով մանկա-պատանեկան բաժնի ստեղծումը, ամենամեայ կարգով գրքերի շարանի համալրումը եւ թեմիս Թեմական խորհրդի ու Հայաստանի Ազգային գրադարանի միջեւ համաձայնութեան յուշագրի ստորագրումը:
Այնուհեետւ «Քանանեան» դպրոցի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանը ներկայացրեց համայնքում գործող չորս գրադարաններին, ապա աւանդոյթի համաձայն զոյգ դպրոցների կողմից գնահատագրերի եւ յուշանւէրների արժանացան սոյն գրադարանների պատասխանատուները, որի շրջագծում թեմի Կաթողիկոսական փոխանորդի ձեռամբ պարգեւատրւեցին՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի գրադարանի պատասխանատու Այիդա Ալեքսանդրեանը, «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Միքայէլ Նալբանդեան» գրադարանի պատասխանատու Երանուշ Թահմազեանը եւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանը:
Սոյն ցուցահանդէս-վաճառքում ցուցադրւել էին՝ Իրանում եւ Հայաստանում հրատարակւած տարբեր լեզուներով գիտական, գրական, պատմական եւ այլ թեմաներով գրքեր, մանկա-պատանեկան հրատարակութիւններ ու մտքի խաղեր, իսկ առանձին կրպակում ցուցադրւել էին նաեւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի համար գնւած վերջին գրքերը:
Յատկանշական է, որ ցուցահանդէսին առընթեր երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ի առաւօտեան, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի բանախօսութեամբ, տեղի ունեցաւ «Ընթերցանութեան պակասը հասարակութեան մէջ» խորագրով բանախօսական զրոյցը, իսկ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ի առաւօտեան՝ գիտելիքների մրցոյթ՝ 7-րդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: