Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շինարարական աշխատանքների եւ նորոգութիւնների շարքում, նորոգւել է նաեւ միութեան Սկաուտական միաւորի բաժանմունքը: Շէնքի վերաբացումը կատարւեց ուրբաթ՝ նոյեմբերի 25-ի առաւօտեան, ձեռամբ՝ Սպահանի Հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Ներկայ էին թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, նոյն խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, միութեան Կենտրոնական վարչութեան, միաւորի Գերագոյն մարմնի անդամները եւ բոլոր սկաուտները՝ իրենց ծնողներով: Շէնքի մուտքի մօտ ժապաւէնի հատումից յետոյ, ներկաները ուղեկցութեամբ Կենտրոնական վարչութեան եւ միաւորի Գերագոյն մարմնի անդամների շրջեցին շէնքում, ծանօթացան կատարւած նորոգութիւններին եւ իւրաքանչիւր բաժնում կատարւելիք աշխատանքներին: Այնուհետեւ բակում համեստ ընդունելութեան սեղանի շուրջ գերպ. Հայր Սուրբն իր հայրական օրհնանքի խօսքում շնորհաւորելով միութեան եւ միաւորի պատասխանատուներին, սկաուտներին եւ իրենց ծնողներին, իր ուրախութիւնը յայտնեց կատարւած աշխատանքների կապակցութեամբ՝ ի մասնաւորի իր գոհունակութիւնը յայտնեց Թեմական խորհրդին, որ ապահովւել է սոյն աշխատանքի նիւթականը: Նա շնորհակալութիւն յայտնեց ծնողներին, ովքեր իրենց զաւակներին քաջալերում են մասնակցել միաւորի աշխատանքներին, որտեղ որպէս փոքր զինւորներ առիթ են ունենում մարզւելու եւ դառնալու կարգապահ ու տիպար երիտասարդ-ուհի եւ տիպար հայ, որովհետեւ սկաուտութիւնը ինքնին անհատին դարձնում է աշխարհական զինւոր, որը վարում է կարգաւորւած ու կանոնաւորւած կեանք: Իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ Հայր Սուրբն առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնեց պատասխանատուներին, որոնք մեծ գիտակցութեամբ հսկում եւ հնարաւորութիւններ են ստեղծում՝ լաւագոյն արդիւնք ստանալու եւ լաւագոյն աշխատանքներ իրականացնելու համար: 

 
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան
լուսանկարները՝ հեղինակի