Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան  Շահինշահրի  մասնաճիւղի  վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի   նախաձեռնութեամբ կազմակերպւել էր շրջագայութիւն դէպի Փերիոյ   գաւառի Ղարղուն գիւղի “Ս. Նշան” եկեղեցի: Նախապէս համադրելով  եկեղեցու վարչութեան հետ եւ զբօսաշրջիկների համար ապահովելով  սենեակներ, Երէցական միաւորի նախագահ՝ Տկն. Լինա Մովսիսեանի  ղեկավարութեամբ, հինգշաբթի՝ 2016 թւականի նոյեմբերի 3-ի  առաւօտեան ժամը 6:00-ին, 22 հոգանոց խումբը ճանապարհւեց դէպի   Փերիոյ գաւառ՝ շատերի համար հարազատ մի վայր, միւսների համար   ծանօթութիւն հայկական մշակոյթի ժառանգութեան նմուշներից մէկի   հետ: Թիրան քաղաքի յարմարաւէտ եւ գեղեցիկ այգում   նախաճաշելուց եւ մի փոքր հանգստանալուց յետոյ, խումբը շարունակեց ճանապարհը եւ ժամը 10:30-ին հանրակառքը կանգ առաւ  Ղարղուն գիւղի “Ս. Նշան” եկեղեցու դռան մօտ: 

Հարկ է նշել, որ եկեղեցին կառուցւել է 1903 թւականին եւ յայտնի է, որ 1069 թւականի ձեռագիր, մագաղաթեայ “Ղարղունի Աւետարանը” 1969 թւականին տեղափոխւել է Հայաստան եւ այժմ պահւում է “Մեսրոպ Մաշտոցի” անւան մատենադարանում: Եկեղեցուն կից  նախկինում գործել է հայկական ազգային դպրոց, որի  դասասենեակները վերանորոգւել եւ դպրոցի բակը եկեղեցու բակի   հետ միացւել է միջանցքով:  

Շրջագայողները տեղաւորւելով նախկին դասասենեակներից մէկում, շտապեցին եկեղեցի՝ սրտաբուխ աղօթելու եւ փառաբանելու Աստծուն: Առաջին անգամ Ղարղուն այցելած զբօսաշրջիկների ուշադրութիւնը գրաւեց գիւղի “Ս. Նշան” եկեղեցու գեղեցիկ տեսքը եւ ներքին յարդարումը:                                                                                                               

Այնուհետեւ բաժանւելով խմբերի՝ մի մասն այցելեց գիւղի  հայկական գերեզմանատուն՝ խունկ ծխելու իրենց նախնիների   շիրիմներին, իսկ միւս մասը՝ շրջեց գիւղում, մտովի պատկերացնելով իրենց նախնիների ոչ շատ հեռու անցեալում ապրած կեանքի դրւագները:

Հետաքրքիր եւ հաճելի օր անցկացնելով, զբօսաշրջիկները բարձր   տրամադրութեամբ եւ անմոռանալի յուշերով, երեկոյեան ժամը 9:30-ին  վերադարձան Շահինշահր եւ շնորհակալութիւն յայտնելով  կազմակերպիչներին հրաժեշտ տւեցին միմեանց:                                                                                                            

 
Ն. Ջ. Հայ Մ. Մ.”Արարատ” միութեան
Շահինշահրի մասնաճիւղի
Թղթակից Մ. Այիդա