Կրթական մշակ, ազգային-հասարակական գործիչ, Հայ Դատի անխոնջ նւիրեալ ու հաւատաւոր դաշնակցական Խաժակ Տէր-Գրիգորեանի մահւան 15-ամեակի առթիւ, ինչու չէ նաեւ ննջեցեալ միւս գաղափարակից ընկերների յիշատակին, Հ.Յ.Դ. “Ռուբէն” երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ թեմի քահանայից ու դպրաց դասերի, կուսակցական ընկերների, Հ.Յ.Դ. “Թադէոս Թադէոսեան” պատանեկան եւ “Ռուբէն” երիտ. միութիւնների, Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Սկաուտական միաւորի անդամների եւ ժողովրդի մասնակցութեամբ:
Խաժակ Տէր-Գրիգորեանի դին ամփոփւած է Երեւանում, սակայն Նոր Ջուղայի գերեզմանատան մի հատւածում, ուր առյաւէտ հանգիստ է առել նրա կուսակցական ընկեր Թադէոս Թադէոսեանը, գաղափարի ասպետի անմոռաց յիշատակին կանգնեցւած է յուշաքար, որի մօտ էլ իրականացւեց հոգեհանգստեան պաշտօնը:
Միջոցառման սկզբնական բաժնում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. “Ռուբէն” երիտ. միութեան վարչութեան ներկայացուցիչ Արմօ Մինասեանը, ապա հնչեց Հ.Յ.Դ.-ի օրհներգ “Մշակ բանւոր”-ը՝ միասնական կատարմամբ:
Յաջորդիւ, քահանայից ու դպրաց դասերի միջոցով իրականացւեց հոգեհանգստեան կարգը, որն աւարտւեց առ Աստւած բարձրացւած “Տէրունական” աղօթքով:
Կազմակերպիչ միութեան անդամուհի Նինելիա Աբրահամեանը հակիրճ ներկայացնելով հայ ժողովրդի արժանաւոր այս զաւակի կենսագրական գծերը՝ շեշտեց, որ ընկ. Խաժակի նման հայորդիները, իրենց հայրենիքը բարձր դասելով, ամբողջ հոգով ու սրտով նւիրւել են հայ ազգի ու հայրենիքի պաշտպանման եւ հայ պատանի-երիտասարդների արժանավայել դաստիարակման սուրբ գործին. թող նրանց բոլորի յիշատակը յաւերժ անմահ մնայ մեզանից իւրաքանչիւրի սրտում:
Վերջում ներկաները խնկարկեցին Խաժակ Տէր Գրիգորեանի եւ այդ հատւածում ննջած միւս կուսակցականների յիշատակին, ապա գերեզմանատնից հեռացան, իրենց մտքում յաւերժացնելով հանգուցեալի յուշաքարին քանդակւած հետեւեալ խօսքը, որը ժամանակին ասւել է իր գաղափարակից ընկերոջ Յարութ Տէր-Մարտիրոսեանի միջոցով. “Խաժակ Տէր-Գրիգորեանը այն բացառիկ մեծութիւններից էր, որը յաղթել էր մարդկային նկարագրի ամենազօրաւոր, բայց եւ ամենաատելի ախտ հրէշին՝ ես-ին”: