Շաբաթ՝ սեպտեմբերի 24-ի առաւօտեան, ինչպէս երկրի տարբեր ուսումնական հաստատութիւններում, 2016-2017 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում:
Դպրոցական տարեմուտի առթիւ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի բակում համախմբւել էին “Արմէն” երկսեռ տարրական կրթահամալիրի եւ “Քանանեան” աղջկանց ու “Կատարինեան” տղայոց միջնակարգ դպրոցների աշակերտները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, Ծնողական խորհուրդներն ու ծնողները, ովքեր անհամբերութեամբ էին սպասում առաջին զանգի ղօղանջին, ինչու չէ նաեւ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի այցին, ով իր առաջին ժողովրդական հանդիպումն էր ունենալու հէնց այդ օրը՝ հայկական վարժարանում: Ժամը 8-ից քիչ անց դպրոց ներկայացաւ գերապատիւ Հայր Սուբրը՝ ազգային մարմինների ներկայացուցիչներից կազմւած պատւիրակութեան ուղեկցութեամբ:
Ծրագրի մեկնարկը տրւեց “Արմէն” կրթահամալիրի տեսուչ Վրէժ Շիրւանեանի խօսքով, ով դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ Ծնողական խորհուրդների անունից շնորհաւորանքի խօսք փոխանցելով ուսումնական նոր տարեշրջանի կապակցութեամբ, անդրադարձաւ սեպտեմբերին բնորոշ առիթներին՝ ուսումնական տարեմուտին, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հանրապետութիւնների անկախութեան տօներին եւ Իրանի Սրբազան պաշտպանութեան շաբաթւան, կարեւորութեամբ նշելով յատկապէս, որ այս տարի սոյն ամիսը մեր թեմում նշանաւորւել է նաեւ կաթողիկոսական փոխանորդի նշանակումով: Պրն. Շիրւանեանն իր խօսքի շարունակութեան մէջ յիշելով Իրանի հողային ամբողջականութեան պաշտպանութեան ճանապարհին զոհողութիւնների գնացած անհատներին՝ ի մասնաւորի հայ նահատակներին, իր յարգանքի տուրքը մատուցեց նրանց անթառամ յիշատակին:
Յաջորդիւ արտայայտւեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը: Նա ազգային մարմինների անունից շնորհաւորանքի խօսք փոխանցելով առիթի կապակցութեամբ, շեշտեց՝ դպրոցական տարիները իւրաքանչիւր անհատի կեանքի ամենայիշարժան պահերն են ու յորդորեց աշակերտութեանը, որ օգտւելով առկայ հնարաւորութիւններից, իրենց լաւագոյնը դրսեւորեն ուսման ասպարէզում եւ այս տարիներն արդիւնաւէտ դարձնեն:
Արտայայտւեցին նաեւ “Քանանեան” աղջկանց եւ “Կատարինեան” տղայոց միջնակարգ դպրոցների տեսուչներ տկն. Սալառիֆառը եւ պրն. Մոհսենփուռը: Տկն. Սալառիֆառը շնորհաւորելով տարեմուտի եւ կաթողիկոսական փոխանորդի նշանակման կապակցութեամբ, անդրադարձաւ զարգացած աշխարհում առաջադիմելու համար անհրաժեշտ գիտութիւններին ու հմտութիւններին, յոյս յայտնելով, որ աշակերտները նոր տարեշրջանի ընթացքում օգտւելով բոլոր հնարաւորութիւններից բարձրացնելու են իրենց կրթական մակարդակը: Պրն. Մոհսենփուռը նոյնպէս միանալով հնչած շնորհաւորանքներին՝ անդրադարձաւ նախորդ տարեշրջանի ընթացքում դպրոցի արձանագրած կարեւորագոյն ձեռքբերումներին՝ յատուկ շնորհակալութիւն յայտնելով ազգային մարմիններին ու խորհրդարանի նախկին պատգամաւորին՝ իրենց հովանաւորութիւնների համար:
Այնուհետեւ Կրթական խորհրդի խօսքը փոխանցւեց սոյն մարմնի ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանին, ով իր արտայայտութեան ծիրում շնորհաւորելով սեպտեմբերեան առիթների կապակցութեամբ ասաց, որ ուսումնական տարեմուտը նշանաւորւում է ոչ միայն աշակերտութեան, այլեւ ուսուցիչների համար, քանի որ նրանք վերապատրաստւած եւ նոր փորձառութիւններով վերազինւած կրթութեան ու գիտութեան ճանապարհին ուղեկից են լինելու իրենց վստահւած սերնդին՝ յատկապէս նրանց մէջ սերմանելով հայրենասիրութեան, ազնւութեան եւ աշխատասիրութեան ոգին:
Տարեմուտի հանդիսութեան եզրափակիչ ելոյթն եղաւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքը: Հայր Սուրբն իր խօսքում իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Իրանի պետութեանը եւ Կրթադաստիարակչութեան հիմնարկի պատասխանատուներին՝ հայկական դպրոցների նկատմամբ բարի կամքի դրսեւորման համար, ապա ընդգծելով, որ հայկական վարժարանը հայ աշակերտի տունն է, սաներին յորդորեց, թէ ինչպէս ցանկացած մարդ իր կեանքի ասպարէզում պատերազմ է մղում զանազան բնոյթի ճակատներում, իրենք եւս պատերազմեն կրթութեան ճանապարհին: Կաթողիկոսական փոխանորդն իր պատգամն աւարտեց յաջողութեան մաղթանքներով՝ ուղղւած դպրոցի պատասխանատուներին, աշակերտներին եւ ծնողներին:
Վերջում բոլորը միասնաբար արտասանեցին Տէրունական եւ “Զգործս ձեռաց Մերոց …” աղօթքները, որից յետոյ Հայր Սուրբը հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը:
Այնուհետեւ Հայր Սուրբն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը ներկայացան նաեւ կրթահամալիրին կից դպրոց՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ նոյնպէս տեղի ունեցաւ տարեմուտի արարողութիւնը՝ ներկայութեամբ դպրոցի աշխատակազմի, Ծնողական խորհրդի, սաների եւ նրանց ծնողների:
Սկզբում դպրոցի տեսչուհի Քառոլին Դիլանչեանը շնորհաւորանքի խօսք ուղղելով բոլորին տարեմուտի եւ կաթողիկոսական փոխանորդի նշանակման կապակցութեամբ, խօսքը փոխանցեց Տ. Սիփան ծ. Վ. Քէչէճեանին: Հայր Սուրբը հաճելի զրոյց ունենալով փոքրիկների հետ՝ յաջողութիւն մաղթեց նրանց, ապա դիմելով ծնողներին իր ուրախութիւնը յայտնեց հայկական վարժարանում հայ աշակերտների գրաճանաչ դառնալու կապակցութեամբ եւ իր գնահատանքի խօսքն ուղղեց նրանց՝ իրենց զաւակների ուսման հարցում ցուցաբերած զոհողութիւնների եւ նրանց հայկական դպրոցներում կրթութեան տալու համար: Նա իր խօսքի շարունակութեան մէջ նշելով դպրոցական տարեմուտի եւ Ս. Գէորգ զօրավարի տօների զուգադիպման մասին, աղօթեց, որ Սուրբը բարեխօս հանդիսանայ Բարձրեալին, որպէսզի նա օրհնի հայ աշակերտներին, ծնողներին եւ դպրոցների պատասխանատուներին ու նրանց յաջողութիւններ պարգեւի՝ յանուն հայրենիքի եւ համայնքի փայլուն ապագայի կերտման:
Միասնական աղօթքից յետոյ այս դպրոցում նոյնպէս Հայր Սուրբի ձեռամբ հնչեց առաջին զանգը: