Թւականիս  սեպտեմբերի 13-ից 20-ը Թեհրանում կայանալիք Համահայկական 48-րդ խաղերի խորհրդանշական ջահը ուրբաթ՝սեպտեմբեր 2-ի առաւօտեան, հանդիսաւոր արարողութեամբ վառւել է Սբ. Թադէի վանքի խորանի կանթեղից, ձեռամբ  Ատրպատականի  Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:  

Խաղերը կազմակերպող Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան որոշմամբ ջահը պիտի անցնէր իրանահայ երեք թեմերից, այդ իսկ նպատակով երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ի երեկոյեան, Համահայկական 48-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքները համակարգող յանձնախմբի անդամներ՝ Արգին եւ Արգամ Արիստակէսեանների միջոցով ջահը հասաւ Նոր Ջուղա, որին Ս. Ամենափրկիչ վանքի բակում  դիմաւորեցին Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանը, Սպահանի Հայոց թեմի Պատգ. Ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետերը, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միաւորի վարչութեան ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի  մարզուհիները, ովքեր մաս են կազմում Համահայկական  48-րդ  խաղերի ջահակիր խմբին: Սպահանի Հայոց թեմից կրակը վերցնելու  հանդիսաւոր արարողութիւնը  կատարւեց Հայոց Ցեղասպանութեան Ս. Նահատակների յիշատակը յաւերժացնող  յուշարձանի մօտ, որտեղ միասնական  աղօթքից յետոյ՝ Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանը հանդէս եկաւ ողջոյնի եւ գնահատանքի խօսքերով, ուղղւած՝  Թեհրանի Հայոց Թեմի  պատասխանատուններին ու խաղերի կազմակերպիչներին եւ իր  խօսքը աւարտեց միասնութեան խորհրդանիշ՝ Համահայկական  խաղերի յաջող եւ խաղաղ ընթացք ունենալու բարեմաղթանքներով: Այնուհետեւ ջահը վառեց  յուշարձանի յաւերժ կրակով եւ  այն  յանձնեց  Սպահանի գլխաւոր ջահակիր՝ աթլետիկայի մարզուհի՝ Վանա Շիրւանեանին, ով ուղեկցութեամբ  ջահակիր խմբի անդամներ՝ Մինելի Ղազարեանի, Մանէ Յովսէփեանի եւ  Անիա Թորոսեանի շրջեց Ս. Ա. Վանքի բակով եւ Թեհրանի հայոց թեմը փոխադրւելու նպատակով, այն յանձնեց  ՀՄԱԿ-ի ներկայացուցիչ՝ Արգին Արիստակէսեանին:

 Բարի երթ՝ Համահայկական 48-րդ խաղերին:

 
Նոր Ջուղայի Հայ Մ.Մ.«Արարատ» միութեան թղթակից Երանուշ Թահմազեան
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան