Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ օգոստոսի 22-ի երեկոյեան միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ յուշերեկոյ՝ նւիրւած 1983 թ. յուլիսի 27-ին Լիսբոնում զոհւած հինգ մարտիկների յիշատակին: Միջոցառման սկզբում միաւորի Արի-Արենուշական հատւածների միջոցով կատարւեց դրօշակի արարողութիւն, ապա միաւորի Գերագոյն մարմնի խօսքն ընթերցեց ձեռնարկի հաղորդավարուհի Վեհանուշ Խուդաբախշեանը, որում մասնաւորապէս ասւած էր՝ «Այսօր մենք պատրաստւած ենք զգալու Լիսբոնի հինգի նահատակութեան եւ երազի քաղցրութիւնը եւ ունենալու նոյն երազի ճամբան՝ հաստատելով, որ այսօր մենք պէտք է գծենք այն նոյն քարտէզը, որ փորձեցին գծել մեր նախնիները՝ իրենց արեամբ»:
Բացման ծրագրից յետոյ ներկաները ունկնդրեցին Լիսբոնի հինգի կենսագրութիւնները, որը ներկայացրեցին Վանիա Պետրոսեանը, Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանը, Անի Մկրտչեանը, Սիփան Անդրիասեանը եւ Վարագ Փանոսեանը: Գեղարւեստական յայտագրում «Զինւորի երգը» նւագակցութեամբ Շանթ Մելքոնեանի, կատարեց Արայիկ Սիմոնեանը, ապա Դւին Յովհաննիսեանը եւ Թանգիկ Միրզախանեանը հերթաբար հանդէս եկան «Տուն իմ հայրենի» եւ «Հայ զինւոր» երգերով, իսկ Նարեգա Սիմոնեանը ասմունքեց Վահագն Դաւթեանի «Ես՝Հայաստան, ես՝ քարէ» բանաստեղծութիւնը, որոնք ընդմիջւեցին 1983 թ. յուլիսի 27-ին հինգ մարտիկների անձնազոհական ակտի ժամանակագրական մանրամասնութիւնների ընթերցմամբ՝ Վանիա Պետրոսեանի միջոցով: Յաջորդիւ երաժշտական նորաստեղծ «Դումահ» խումբը, մասնակցութեամբ Արայիկ Սիմոնեանի, Մամբրէ Թահմազեանի, Սերգէյ Փանոսեանի եւ Շանթ Սարեանի կատարեցին «Հայրենիք» երգը: Գեղարւեստական բաժինը եզրափակւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի կատարմամբ՝ «Ազգ իմ փառապանծ» խմբերգով: Երեկոյի աւարտին գնահատագրերով եւ յուշանւէրներով պարգեւատրւեցին յուլիսի 20-ից 25-ը կայացած հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշարի առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած «Արցախ» եւ «Արարատ» խմբերի մարզիկները եւ մրցավարներ՝ Կարօ Շահբազեանը, Միշել Ղազարեանը, Մասիս Հայրապետեանը, Էդմոնդ Բաղդասարեանը, Թոմիկ Նահապետեանը եւ Սեւան Դարաբիդեանը, ինչպէս նաեւ մրցութիւնների ընթացքում դարբասը ամենաշատ գնդակ նետած Ռուբէն Իսաղուլեանն ու ամենալաւ վարք ցուցաբերած Հրատ Ղուկասեանը: Մրցաշարի շրջանակում կազմակերպւել էր նաեւ ընկերական մանկա-պատանեկան խաղ՝ միութեան ֆուտբոլի խմբի սաների մասնակցութեամբ, որոնք եւս պարգեւատրւեցին գնահատագրերով: (Մանկա-պատանեկան խմբի մարզիչներն են Սերժիկ Ասատրեանը եւ Էդօ Թորոսեանը):
Գնահատագրերը յանձնեցին Միութեան Կենտրոնական վարչութեան եւ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի ներկայացուցչները:
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան