Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղաւար տօներից Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (Խաղողօրհնէք) նշւեց Փերիա գաւառի Խոյգան գիւղի եւ Նոր Ջուղայի եկեղեցիներում:
Այս առիթով ուրբաթ՝ օգոստոսի 12-ի առաւօտեան, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Խոյգան գիւղի Ս. Աստւածածին, իսկ կիրակի՝ օգոստոսի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում: Խոյգանի Ս. Աստւածածին եկեղեցում պատարագեց ու յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը եւ օրւան պատշաճ քարոզով հանդէս եկաւ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, իսկ Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:
Հոգեպարար արարողութեան աւարտին իւրաքանչիւր եկեղեցում քահանայ հայրերի միջոցով կատարւեց աւանդական Խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողների կապոցները բաժանւեցին ներկաներին:
Խոյգան գիւղի Ս. Աստւածածին եւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցիների երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի “Կոմիտաս”, իսկ Նոր Ջուղայի Ս. Աստւածածնինը՝ “Շուշանիկ” հոգեւոր երգչախմբերը:
Յատկանշական է, որ Խոյգան գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցու ձեռագիր աւետարանը, որը վերջին տարիներին պահւում է Ս. Ամենափրկիչ վանքում, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ամենամեայ յատուկ դասաւորութեամբ, Վերափոխման տօնի առթիւ վերադարձւում է պատկան եկեղեցի եւ ուխտաւորներն այս Սուրբ Գրքից օրհնութիւն են ստանում:
Թղթակից (Նոր Ջուղա)