Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի նախաձեռնութեամբ Օգոստոսի 11-ի ժամը 19:00–ին, «Ս. Վարդանանց» դպրոցի շրջափակում կազմակերպւել էր դաշտահանդէս նւիրւած Հայոց հին ամանոր՝ Նաւասարդին: Երէցական միաւորի անունից բացման խօսքով հանդէս եկաւ միութեանս գրասենեակի պատասխանատու՝ օրիորդ Մարիա Խուդավերդեանը, ով ողջունելով ներկաներին եւ շնորհաւորելով տօնի առթիւ, ցանկացաւ երջանիկ եւ արեւշատ օրեր, ապա ծանօթացրեց Նաւասարդի ծագման մասին եւ իր խօսքում նշեց. «Ըստ աւանդոյթի Հայկ Նահապետը Հայոց  Ձոր գաւառում սպանել է բռնապետ Բէլին՝ ազատութիւն պարգեւելով իր տոհմին ու հետեւորդներին: Այդ յաղթութիւնը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ Օգոստոսի 11-ին: Օգոստոսեան տօնը հայերը կոչել են Նաւասարդ, որը նշանակում է Նոր տարի»: Այնուհետեւ ներկայացրեց թէ Հայաստանի տարբեր վայրերում ինչպԷս էին տօնում Նաւասարդը, եւ ինչ աւանդութիւններ կան կապւած տօնի հետ:   

Երէցական միաւորի անդամները բացօթեայ բեմը խնամքով զարդարել էին հայկական կարպետներով, կահ-կարասիներով, ձեռքի աշխատանքային գործիքներով՝ ներկայացնելով գիւղական փոքրիկ սենեակ, իսկ Երէցական միաւորի անդամուհի տիկին Հերմինէ Քոնարաքին հիւրերին ներկայացաւ հայկական տարազով, ստեղծելով գեղեցիկ միջավայր: Երեկոյի ընթացքում սփռւում էր հայկական քաղցրահնչիւն մեղեդի եւ ներկաները վայելում էին աւանդական համեղ կերակրատեսակներ՝ պատրաստւած Երէցական միաւորի անդամուհիների ձեռքերով: Միաւորը նախատեսել էր նաեւ վիճակահանութիւն: 

Ներկաները հաճելի եւ տպաւորիչ երեկոյ անցկացնելով ժամը 23:00-ին հրաժեշտ տւեցին կազմակերպիչներին:

 
 Ն. Ջ. Հայ Մ. Մ.«Արարատ»   միութեան
Շահինշահրի մասնաճիւղի թղթակից Այիդա Մուրադեան