Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ երիտասարդ ընտանիքների համար կառուցւող բազմաբնակարան համալիրի շինարարական աշխատանքն սրընթաց կերպով շարունակւում է։
Հինգշաբթի՝ 28 յուլիսի առաւօտեան ժամը 10։30-ին, ներկայութեամբ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ֆառհանգի եւ նրա օգնական պրն. Հոսէյնիի, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչների, հայ շինարարների եւ համայնքի անդամների տեղի ունեցաւ շինութեան հիմնօրհնէքը՝ ձեռամբ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի։
Հիմնօրհնէքի ընթացքում շէնքի հիմքերից մէկի յատակում տեղադրւեց արարողութեամբ օրհնւած մի հիմնաքար, որի վրայ արձանագրւած էր «Աստւած օրհնի այս տունը». քահանայ հայրը աղօթքով Բարձրեալից հայցեց, որ հաստատուն հիմքերի վրայ անսասան պահի այդ շինութիւնը եւ ուժ ու իմաստութիւն շնորհի կառուցողներին, որպէսզի իրենց աշխատանքը յաջողութեամբ աւարտին հասցնեն։
Վերջում ներկաները վայելեցին համեստ հիւրասիրութիւնը։