Չորեքշաբթի՝ 2016 թւականի յուլիսի 20-ին, Ս. Ամենափրկչեան Վանք այցելեց «Ամբուդսման» միջազգային հաստատութեան եւ Նամիբիայի նոյնանուն հաստատութեան տնօրէն դկտ. Ջոն Վալթերզը. սոյն հաստատութիւնը, որին անդամակցում են աշխարհի առաւել քան 170 երկրներ, ի շարս նրանց Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, վերահասու է լինում պետական եւ գործադիր մարմիններից եղած ժողովրդական գանգատներին:
Պրն. Վալթերզին ընկերակցում էին Իրանի Քննչական Ընդհանուր Կազմակերպութեան միջազգային կապի եւ համագործակցութեան բաժնի տեղակալ դկտ. Մանսուր Աղամոհամմադին, նոյն կազմակերպութեան տնօրէնի մշակութային եւ հասարակական բաժնի տեղակալ պրն. Եաղուբին, երկրի եւ նահանգի մակարդակներով մի շարք գործակատարներ եւ պետական այրեր:
Պատւիրակութեանը դիմաւորեցին Թեմական եւ Կրօնական խորհուրդների անդամները: Միասնաբար այցելեցին Ս. Ամենափրկչեան Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան, որտեղ պատւիրակութեանը մանրամասն տեղեկութիւններ փոխանցւեց Հայոց ցեղասպանութիւն վերաբերեալ, ինչը ամբողջովին նորութիւն էր դկտ. Վալթերզի համար:
Ապա Ազգային առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում ծանօթացման եւ հիւրընկալման հանդիպում տեղի ունեցաւ: Ընթացքում դկտ. Աղամոհամմադին ներկայացրեց պատւիրակութեան անդամներին եւ դկտ. Ջոն Վալթերզի Իրան այցելութեան նպատակը, որից յետոյ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը ընդհանուր բացատրութիւն տւեց Սպահանի Հայոց Թեմի կացութեան վերաբերեալ եւ ցանկացաւ որ դկտ. Վալթերզը հաւատարիմ թարգմանը հանդիսանայ Իրանում տիրող կացութեան մասին՝ առ այն որ անկ է:
Արտայայտւեց նաեւ դատաւոր Եաղուբին, տեղեկութիւններ փոխանցելով երկրի Քննչական Ընդհանուր Կազմակերպութեան պարտականութիւնների եւ գործունէութեան ձեւի վերաբերեալ:
Դկտ. Վալթերզը հարցումներ ուղղեց հիւրընկալող կազմի անդամներին՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հայութեան մարդկային իրաւունքների կապակցութեամբ, պարզելով, որ ամավերջի իր զեկոյցում, որը ներկայացւելու է Թայւանում տեղի ունենալիք զանազան երկրների «Ամբուդսման» հաստատութիւնների միջազգային համաժողովին, ներառելու է Իրանում կրօնական փոքրամասնութիւնների վերաբերեալ տեղեկութիւններ: Պրն. Տէր-Մարտիրոսեանը համապարփակ տեղեկութիւններ փոխանցեց հայ համայնքի իրավիճակի վերաբերեալ, շեշտելով, որ նրանք իրենց մուսուլման հայրենակիցների հետ համահաւասար իրաւունքներ ունեն:
Թեմական Խորհրդի անդամ դկտ. Վաչիկ Հայրապետեանը յաւելեալ տեղեկութիւններ փոխանցեց յարգելի հիւրին Սպահանում ապրող այլ կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների վերաբերեալ, ընդգծելով, որ դարերի ընթացքում համակեցութեան գեղեցիկ պատկեր է ձեւաւորւած այս քաղաքի մէջ: