Հինգշաբթի՝ 2016 թ. Յունիսի 9-ի երեկոյեան, Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց»  դպրոցի սրահում կայացաւ 6-րդ եւ 9-րդ դասարանցիների «Վերջին զանգ»-ի  հանդիսութիւնը՝ Հայ Համայնքի Վարչութեան հովանաւորութեամբ եւ կրթօջախի ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ: Ծրագրին ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա Ծ. վրդ. Գուճանեանը, համայնքի Վարչութեան, Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի ներկայացուցիչները եւ ծնողները:

Ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ ուսուցչուհի Վարդուհի Պօղոսեանը, որը «Սրբոց Վարդանանց» տարրական եւ «Մասիս» միջնակարգ դպրոցների 2015-2016 ուսումնական տարեշրջանի կրթա-դաստիարակչական զեկոյցը ներկայացնելու համար հրաւիրեց ուսուցչուհի Վիոլետ Յարութիւնեանին: 

Այնուհետեւ բեմը տրամադրւեց տարրական դպրոցի աշակերտ-ուհիներին, ովքեր երաժտութեան ուսուցիչ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ մատուցեցին աշխոյժ ու խանդավառ մեներգեր ու խմբերգեր: Կատարումներին զուգակցւած էին նաեւ հայրենասիրական ասմունքներ: 

Յաջորդիւ հարազատ դպրոցին ուղղւած՝ իրենց գեղեցիկ խօսքերով ու արտայայտութիւններով ելոյթ ունեցան միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիները:

Աշակերտ-ուհիների ջերմ ու բարձր գնահատանքի արժանացան նաեւ ուսուցչական կազմը եւ ծնողական խորհուրդը՝ իրենց ցուցաբերած նւիրւածութեան եւ իրագործած յանձնառութեան համար:

Ջերմ եւ յուզառատ արտայայտութիւններին յաջորդեց 6-րդ եւ 9-րդ շրջանաւարտների վկայագրերի բաշխումը՝ գերպ. Հայր Սուրբի ձեռամբ եւ Համայնքի Վարչութեան, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի փոխտեսուչի ներկայութեամբ:

Օրւայ առիթով իր հայրական խօսքը պատգամեց գերպ. Հայր Սուրբը, ով իր խօսքի սկզբում նախ դպրոցի պատասխանատուներին եւ շրջանաւարտներին շնորհաւորեց գեղարւեստական գեղեցիկ ծրագրի կազմակերպման եւ իրականացման համար՝ գնահատելով նրանց տարած աշխատանքները, ապա խօսքն ուղղելով շրջանաւարտներին, նրանց մաղթեց յաջողութիւն եւ գիտական ասպարէզում փայլուն վերելքներ եւ նւաճումներ:

«Վերջին զանգի» հանդիսութեան աւարտին, Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ գնահատագրերով եւ մրցանակներով գնահատւեցին նաեւ սեղանի թենիսի եւ շախմատի մարզաձեւերի մրցոյթներին յաղթած մարզիկ-ուհիները:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝

Վ. Յարութիւնեան