Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ եւ ուսուցչական կազմի կազմակերպութեամբ, «Վիկտորինա» գիտելիքների մրցոյթը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ ապրիլի 25-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ նւիրւած լինելով Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակին եւ արցախեան հերոսամարտին: Միջոցառումը հովանաւորւել էր Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի կողմից:

Ընդհանուր գիտելիքների շրջագծում կազմակերպւող «Վիկտորինա» մրցոյթին այս անգամ մասնակցել էին միջնակարգի առաջին բաժնի (ուղեցոյց) բոլոր աշակերտուհիները, իսկ որպէս հանդիսատես՝ իրենց ներկայութեամբ եւ բուռն ծափողջոյններով մասնակիցներին խրախուսեցին՝ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի ներկայացուցիչները եւ աշակերտուհիների ծնողները:

Միջոցառման գլխաւոր կազմակերպիչն էր ուսուցչուհի Սեդա Դիլանչեանը, ով ընկերակցութեամբ ուսուցչուհիներ Սիւնէ Մինասեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի յանձն էր առել հարցաշարի պատրաստման բարդ աշխատանքը:

Նախքան ծրագրի մեկնարկը դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը ողջունելով ներկաներին՝ բացատրութեամբ հանդէս եկաւ մրցոյթի կազմակերպման նպատակների մասին, կարեւորութեամբ ընդգծելով, որ մրցոյթը նւիրւած է յատկապէս Արցախում մարտնչող սխրագործ հերոսներին: Տկն. Սիմոնեանն իր ելոյթի աւարտին շնորհակալական խօսք ուղղեց 101-ամեակի ոգեկոչման յանձնախմբին՝ ծրագրի հովանաւորը հանդիսանալու եւ Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանին՝ այս շրջագծում կազմակերպիչների հետ ցուցաբերած համագործակցութեան համար:

Այնուհետեւ սկիզբ առան մրցութային բաժինը՝ Կարին Տէր-Մարտիրոսեանի հաղորդավարութեամբ: Առաջին փուլի հարցերը կազմւած էին յատկապէս հայոց պատմութեան մէջ յաւերժացած դէպքերի ու դէմքերի մասին, որոնց պատասխանեցին բոլոր խմբերը: Այնուհետեւ արհեստավարժ իրաւարար կազմի անդամներ՝ Ռիմա Սիմոնեանի, Սեդա Դիլանչեանի եւ Սիւնէ Մինասեանի միջոցով գնահատւեցին տրւած պատասխանները եւ արդիւնքների ամփոփումից յետոյ, երեք լաւագոյն խմբերն անցան եզրափակիչ փուլ: Սոյն փուլի ընթացքում մասնակիցները պատասխանեցին հոմանիշ բառերի շուրջ կազմւած հարցերին, ճարտասանութեամբ ելոյթ ունեցան ցուցադրւող պատկերների կապակցութեամբ եւ սեղմ ժամկէտում պատրաստեցին փազելներ:

Աւարտին յաղթող խումը պարգեւատրւեց Կրթական խորհրդի ու 101-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչների, ինչու չէ նաեւ ուսուցիչների միջոցով: Յաղթող խմբի անդամներն էին՝ Տաթեւիկ Տէր-Մարտիրոսեանը, Քրիստին Մարկոսեանը, Փիւնիկ Այւազեանն ու Մինէ Յարութիւնեանը:

Վերջում արտայայտւեցին Կրթական խորհրդի անունից Սոնիկ Բաղումեանը, իսկ 101-ամեակի ոգեկոչման յանձնախմբի կողմից Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը, ովքեր բարձր գնահատեցին «Վիկտորինա» մրցոյթը՝ իր կազմակերպւածութեան, մասնակիցների մօտ առաջացրած եռուզեռի ու խանդավառութեան եւ յատկապէս գիտելիքների մակարդակի համար: Հանդիսատեսը նոյնպէս բարձր գնահատեց իրականացւած միջոցառումը:

«Ալիք» Օրաթարթի թղթակից (Նոր Ջուղա)