Ուրբաթ՝ փետրւարի 7-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Իրանի իսլամական յեղափոխութեան 35-ամեակի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց դասի, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Արարողութեանը ներկայ էին նաեւ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտարապետ Ասառզադեգանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, ազգային մարմինների ատենապետները, ներկայացուցիչները, հայ նահատակների հարազատները, Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց դպրոցի միջնակարգի առաջին եւ «Կատարինեան» տղայոց դպրոցի նոյն օղակի երրորդ դասարանների աշակերտներն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:
Թեմակալ առաջնորդը հերթաբար Հոգեհանգիստ կատարեց նահատակներ Հենրիկ Տէր Յովհաննիսեանի, Հրաչ Յակոբեանի, Վարդան Աբրահամեանի, Ռայմոնդ Բաղրամեանի (Խաթուննեժադ) եւ Վրէժ Բաղումեանի շիրիմների մօտ, այնուհետեւ յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի արտայայտւեց խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը, ով նշելով անցնող 35 տարիների ընթացքում հայ Ժողովրդի դերն ու ներդրումը երկրի տարբեր ասպարէզներում, կարեւորութեամբ ընդգծեց. «Յեղափոխութեան առաջին օրերից մինչեւ պարտադրեալ պատերազմի օրերը, մեր քաջ ու արի զաւակներն իրենց կեանքի գնով պաշտպանեցին Յեղափոխութեան նպատակները, Իրանի հողային ամբողջականութիւնն ու անկախութիւնը»:
Այնուհետեւ հայ նահատակների հարազատների անունից նահատակ Վրէժ Բաղումեանի եղբայրը՝ Վարուժան Բաղումեանը, նորհակալական խօսք ուղղեց ներկաներին՝ արարողութեանը ներկայ գտնւելու եւ նահատակների յիշատակը յարգելու համար:
Վերջում իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, նշելով. «Մեր նահատակները՝ որպէս մեր ժողովրդի արժանաւոր զաւակներ, կարողացան ապացուցել իրենց քաղաքացիական հաւատարմութիւնը, պաշտպանել մեր ժողովրդի արժանապատւութիւնը եւ Իրանի իսլամական հանրապետութեան հողային ամբողջականութիւնը: Նրանք Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին, իրենց նւիրումով ու զոհողութեամբ կարողացան ասել, որ յանուն վեհ գաղափարների ու նպատակների, պատրաստ են նոյնիսկ իրենց կեանքը զոհել եւ մեռնել, սակայն ցորենի հատիկների նման նոր ծիլեր արձակել, նոր ուժ, հաւատ եւ յոյս ներշնչել մեր ժողովրդին»: