Կիրակի, ապրիլի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ագզային կրթահամլիրի “Ալենուշ Տէրեան” դահլիճում տեղի ունեցաւ “Քանանեան” աղջկանց եւ “Կատարինեան” տղայոց միջնակարգ դպրոցների 2014-2015 ուսումնական տարեշրջանի շրջանաւարտ աշակերտ-ուհիների աւարտական հանդիսութիւնը: Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, “Կատարինեան” ու “Քանանեան” դպրոցների անձնակազմը եւ շրջանաւարտների հարազատները: 

Աւարտական ձեռնարկը, որն այս տարի նւիրրւած էր “Քանանեան” եւ “Կատարինեան” դպրոցների հիմնադրման 115-ամեակին, սկիզբ առաւ դպրոցի գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով: 

Այնուհետեւ ներկաների բուռն ծափողջոյնների ներքոյ սրահ մուտք գործեցին շրջանաւարտ աշակերտ-ուհիները: Սկզբում Նարեգա Սիմոնեանը, Վանայ Զոհրաբեանը, Քաջայր Կրապետեանը, Նարէ Վարդանեանը, Վանէ Թահմազեանը, Նազէ Ասատրեանը, Մեղրի Կարապետեանը, Սինթիա Մինասեանը, Արինէ Իսաղուլեանը, Վանէ Շահնազարեանը, Փրենի Ղազարեանը եւ Անի Ղազարեանը ներկայացրին յոբելեար դպրոցների պատմական անցեալն ու ներկան՝ պաստառի վրայ ցուցադրւող համահունչ լուսանկարներին զուգահեռ: Նրանք արտայայտւեցին նաեւ սրտաբուխ երախտիքի խօսքերով ու բարեմաղթանքներով՝ ուղղւած հայ դպրոցին, ուսուցիչներին, ծնողներին ու ընկերներին: Ապա աշակերտական խօսքն ընթերցւեց Շաղիկ Մատթէոսեանի եւ Րաֆֆի Դիլանչեանի միջոցով: Գեղարւեստական բաժնի շարունակութեան մէջ խմբական եւ անհատական կատարումներով հնչեցին հայրենասիրական եւ հայ դպրոցին ու ուսուցչին նւիրւած երգեր, իսկ հայրենասիրական երգերի շարանում ուշագրաւ էին յատկապէս հայրենիքը պաշտպանող զինւորին ու ազատամարտիկին նւիրւած կատարումները« որոնք խորապէս յուզեցին հանդիսատեսին: Երգերի մենակատարմամբ հանդէս եկան Թանիա Մինասեանն ու Քրիստինէ Օհանեանը, իսկ կիթառի նւագակցութեամբ մենակատրներին ընկերակցեցին Վանէ Ղազարեանը, Շանթ Սարեանն ու Մամբրէ Թահմազեանը: Սոյն բաժնի աւարտին աւանդոյթի համաձայն տեղի ունեցաւ շրջանաւարտների երդման կարգը, որն ընթերցւեց Վանիա Պետրոսեանի եւ Էջմին Յովսէփեանի միջոցով ու հաստատում գտաւ խմբի միասնական “Երդւում եմ” արտայայտութեամբ: 

Շարունակութեան մէջ Կրթական խորհրդի խօսքն ընթերցեց ատենապետուհի Սաթօ Աւետումեանը, որն սկիզբ առաւ առիթի կապակցութեամբ շնորհաւորանքի խօսքով: Նա շեշտելով, որ ընտանիքից յետոյ հայկական վարժարաններում հայ երիտասարդի մէջ ձեւաւորւում եւ արմատաւորւոմ է ազգային պահանջատիրութիւնը եւ մասնաւորապէս անդրադառնալով այսօրւայ պայմաններում ադրբեջանական ոտնձգութիւնների դէմ  հայրենիքը պաշտպանող հայորդիների սխրագործութիւններին, շրջանաւարտներին կոչ արեց՝ գուրգուրել ու խնամել ազգի պահպանման բաբախուն սիրտը՝ հայկական վարժարանները, հաւատարիմ մնալ ծնողների եւ ուսուցիչների միջոցով իրենց մէջ սերմանւած սկզբունքներին, աշխատել ջանասիրաբար, մասնագիտանալ գիտութեան աշխարհում եւ իրենց մասնագիտութիւնը ծառայեցնել հայ ժողովրդի ընդհանրական շահերին: Տկն. Աւետումեանն իր խօսքի աւարտին ջանադիր աշխատանքի համար՝ դրւատանքի խօսք ուղղեց հայոց ագզային դպրոցների տեսչութիւններին, ուսուցչական կամզերին ու Ծնողական խորհուրդներին: 

Այնուհետեւ իրականացւեց վկայականների բաշխման արարողութիւնը, որտեղ դպրոցն աւարտած երիտասարդներն իրենց ջերմեռանդ աշխատանքի արդիւնքը հաստատող վկայագրերն ստացան թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ պատկան ուսուցիչների ձեռամբ: 

Ապա թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին, որտեղ գնահատնքի խօսք ուղղեց Կրթական խորհրդին, “Կատարինեան” ու “Քանանեան” դպրոցների անձնակազմին եւ Ծնողական խորհուրդներին, ապա դիմելով շրջանաւրտներին՝ շնորհաւորեց դպրոցական շրջանն աւարտելու կապակցութեամբ: Նա մատնանշելով այն նոր ճանապարհը, որն այսօրւանից բացւելու է շրջանաւարտների առջեւ, նրանց յորդորեց, թէ ինչ ասպարէզում էլ իրենց կրթութիւնը շարունակեն եւ ապագայում ինչ հանգամանք էլ ունենան, գիտակցաբար լինեն հայութեան հետ ու հայութեան համար եւ իրենց ամբողջական կամքն ու ուժը տրամադրեն հայ ազգին, քանի որ այդպիսով ոչ միայն մեծանալու եւ զօրանալու են իրենք, այլեւ մեծացնելու եւ զօրացնելու են հայրենիքը:

Վերջում շրջանաւրտները լուսանկարւեցին, ապա միասնաբար աւարտական գլխարկները վեր նետելով, եզրափակիչ վերջակէտը դրեցին իրենց երկար տարիներ դպրոցական կեանքին:

Յատկանշական է, որ զոյգ դպրոցների տնօրինութիւնների որոշմամբ երեկոյի առթիւ ներկաների կատարած նւիրատւութիւնները յատկացւելու է  Արցախին զօրակցելու գործին:  

 

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան