Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան գեղեցիկ մտայղացմամբ այս տարի եւս Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի օրը, ապրիլի 7-ի երեկոյեան, տեղի ունեցաւ ձեռնարկ՝ նւիրւած զոհողութեան ու նւիրումի խորհրդանիշ էակներին՝ հայ մայրերեին: Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան սրահում իրականացւած այս ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:
Երեկոյի մեկնարկը տրւեց երկու հայկական պարերեով՝ Փերիոյ Կրթ. միութեան «Էրեբունի» պարախմբի կատարմամբ:
Այնուհետեւ ողջոյնի եւ շնորհաւորանքի ջերմագին մաղթանքներով հանդէս եկան հանդիսավարներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Մարտունի Խաչիկեանը, որից յետոյ ասմունքներով ելոյթ ունեցան Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ՝ Վանէ Շահնազարեանն ու Մեղրի Կարապետեանը, իսկ երգի կատարմամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի անդամուհի Անասիկ Յովսէփեանը: Երգեցողութեամբ հանդէս եկաւ նաեւ Հայաստանից ժամանած ժողովրդական երգիչ Նարեկ Պօղոսեանը:
Ծրագիրը շարունակւեց օրւայ բանախօս հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի գեղեցիկ ու ոգեւորիչ ելոյթով: Նա իր խօսքն սկսեց հետեւեալ տողերով. «Մայր, հազարաւոր խօսքերն անգամ անզօր են այս չորս տառանոց բառի դէմ: Որքան սէր, ջերմութիւն ու կեանք կայ մայր բառի մէջ: Մայրական քնքշանքն ու գուրգուրանքը ամենահաճելի բանն է, որն զգացել ենք բոլորս անխտիր»:
Բանախօսն իր խօսքի մի այլ բաժնում անդրադռնալով Ս. Կոյսի աւետման տօնի խորհորդին՝ աւելացրեց. «Մենք կարիք ունենք վերընկալելու կանացի գեղեցկութեան ոճն ու հմայքը, կանացի մտածողութիւնը, նրանից բխող սէրն ու հնարաւորութիւնները»:
Այնուհետեւ նա բացատրելով թէ ինչպէս է Հայաստանում կանանց միամսեակը տօն դարձել, նշեց. «Հայ ազգին բաժին ընկած պատմական ու քաղաքական դժւարին ուղին, հայ մօր մէջ նախեւառաջ զարգացրել է ընտանիքի մայր ու օջախի պահապան դառնալու եւ ամուսնուն նեցուկ հանդիսանալու առաքելութիւնը: Մեր մայրերից ստացած հայեցի դաստիարակութիւնը, դարձել է հայ ազգի յարատեւման գործօններից»: Վերջում հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանն իր շնորհաւորնաքի, երախտիքի ու գնահատանքի խօսքն ուղղեց բոլոր մայրերին:
Բանախօսութեան աւարտին Հայր Սուրբը նւագակցութեամբ Հարմա Կարապետեանի, կատարեց մօրը նւիրւած մի երգ, որի բանաստեղծութեան հեղինակն էր գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, իսկ երաժշտութեանը՝ նոյն ինքը՝ Հայր Սուրբը: Կատարումը արժանացաւ ներկաների յոտնկայս ծափահարութիւնների:
Այնուհետեւ ասմունքեց «Փարոս»-ի անդամուհի Վանա Զոհրաբեանը, երգեր կատարեցին «Տաթեւ» երգչախմբի անդամուհիներ՝ Անասիկ Յովսէփեանն ու Արսինէ Մարգարեանը, իսկ «Էրեբունի» պարախումբը հանդէս եկաւ պարային ելոյթով:
Գեղարւեստական յայտագրով ծրագիրն ամփոփւեց Նարեկ Պօղոսեանի միջոցով հայրենասիրական երգերի կատարմամբ:
Վերջում առաջնորդ Սրբազան Հայրը փոխանցեց իր հայրական պատգամը, որտեղ բարձր գնահատելով Հայուհեաց Բարեգործական ընկերութեան անդամուհիներին՝ երեկոյի կազմակերպման համար եւ գեղարւեստական բաժնում դերակատարներին, ասաց, որ մայրն արժանի է ոչ միայն տարին մէկ անգամ մեծարւելու, այլ ամենօրեայ մեծարանքի ու գնահատանքի: Այնուհետեւ նա իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց. «Հայ մայրերը պէտք է իրենց հպարտ զգան, որ ծնել են նարեկացիներ, շնորհալիներ, սահակներ, մաշտոցներ, կոմիտասներ, դրօներ, նժդեհներ, թեհլիրեաններ եւ յատկապէս ծնել են նորօրեայ հերոսներ: Մեր ազգի գոյատեւումը երաշխաւորւում է ձեզանով: Հայ մայրերը հպարտ պէտք է լինեն, որ ունեն նման որդիներ, ովքեր պատրաստ են իրենց կեանքը զոհաբերելու յանուն արժանապատւութեան, ազգի ու հայրենիքի»:
Հարկ է նշել, որ երեկոյի ընթացքում ներկաների խանդավառութիւնը բազմապատկող գեղարւեստական բաժնի պատասխանատուներն էին՝ Փերիոյ Կրթ. միութեան «էրեբունի» պարախմբի պարուսոյց Ալինա Տէր-Գրիգորեանը, Ս. Ա. վանքի «Տաթեւ» երգչախմբի խմբավար Համիկ Ալեքսանդրեանը եւ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի պատասխանատու դոկտ. Սիլւա Ալլահվերդեանը:
«Ալիք» Օրաթարթի թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան