Կիրակի՝ 2016 թւականի մարտի 20-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գեղեցիկ տօներից՝ Ծաղկազարդի առիթով մատուցւեց Ս. Պատարագ Սպահանի Հայոց Թեմի բարեջան Առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ, համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի մասնակցութեամբ եւ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ։
Ս. Պատարագին ներկայ էին Հայ Համայնքի Վարչութեան եւ Թեմիս Կրօնական Խորհրդի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ մեծ թւով հաւատացեալներ:
Յընթացս Ս. Պատարագի գերշ. Սրբազան Հայրը գեղեցկօրէն ներկայացրեց Քրիստոսի հանդիսաւոր եւ յաղթական մուտքը Երուսաղէմ, ապա ներկաներին փոխանցեց իր բովանդակալից քարոզը եւ օրհնեց արարողութեանը մասնակցած բոլոր մանուկներին:
Թեմակալ Առաջնորդն իր քարոզի աւարտին շնորհաւորեց հաւատացեալներին Ծաղկազարդ տօնի կապակցութեամբ եւ աղօթեց, որպէսզի բոլոր քրիստոնեաների սիրտը, միտքը եւ հոգին պարուրւի Քրիստոսի հրաշագործ շնչով:
Յաւարտ Ս. Պատարագի, Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց Միութեան անդամուհիների միջոցով զարդարւած ձիթենու ճիւղերն օրհնւեցին գերշ. Սրբազան Հօր միջոցով եւ բաժանւեցին ներկայ հաւատացեալների միջեւ՝ որպէս Քրիստոսի աւետած ազատութեան եւ կեանքի խորհրդանիշ:
Կիրակի երեկոյեան, հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, եւ մի շարք հաւատացեալների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը։ «Նարեկ» երգչախումբն երգեց «Բա՜ց մեզ, Տէ՜ր» շարականը, որից յետոյ, բոլոր խորհուրդ ունեցող հաւատացեալների կողմից եւ արժն Քահանայ Հօր միջոցով բացւեց Ս. Խորանի վարագոյրը:
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան