Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը որպէս հայոց ազգային ծերանոցի հիմնադիր եւ կառավարող հաստատութիւն, ազգային-եկեղեցական տօների առիթներով բազմաբնոյթ միջոցառումներ է կազմակերպում՝ ծերանոցի հարազատ յարկի ներքոյ:
Այս ծիրում վերջին երկու ամիսների ընթացքում կազմակերպւել են մի շարք ծրագրեր, որոնց անդրադառնում ենք:
Տեառնընդառաջը ծերանոցում նշւեց երկուշաբթի՝ փետրւարի 15-ի երեկոյեան, արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի միջոցով մատուցւած արարողութեամբ: Քահանայ Հօրն ընկերակցում էին սարկաւագներ՝ Արմէն Բաղումեանն ու Ալբերթ Ղազարեանը: Արարողութեանը յաջորդեց աւանդական հրավառութիւնը, ապա ծերանոցի տարեց բնակիչներն ու աշխատողները, ինչու չէ նաեւ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները, հիւրասիրւեցին հրուշակով:
Ինչպէս նախորդ տարիները, Մեծ պահքի ժամանակաշրջանում ծերանոցում տեղի ունեցան Նայեաց սիրովի եւ Արեւագալի հոգեպարար արարողութիւնները: Երկուշաբթի՝ մարտի 14-ի երեկոյեան ժամը 4-ին, արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ Արմէն սրկ. Բաղումեանը կատարեցին Նայեաց սիրովի կարգը, իսկ երեքշաբթի՝ մարտի 15-ի առաւօտեան ժամը 10-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն այցելեց ծերանոց, որտեղ նախագահեց Արեւագալի արարողութեանը: Սրբազան Հօրն ընկերակցում էին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, դպրաց դասի ներկայացուցիչներ եւ «Շուշանիկ» երգչախմբի ու Կանանց հոգեւոր լսարանի անդամուհիները:
Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը վերոնշեալ միջոցառումներից բացի՝ բարեսիրական նպատակներով ծրագրերի իրականացման ուղղութեամբ, այս տարի եւս Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպել է ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը, որի բացումը կատարւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ, երեքշաբթի՝ մարտի 15-ի երեկոյեան ժամը 5-ին: Ամենամեայ այս միջոցառումը լայն առիթ է ընձեռում արւեստագէտ անհատներին՝ ի մասնաւորի բազմաշնորհ հայուհիներին՝ իրենց բարձրաճաշակ ու որակեալ ձեռքի աշխատանքները ցուցադրելու համար: Սոյն ցուցահանդէսում ուշագրաւ են յատկապէս սեղանի ծածկոցները, գործվածքները, աւանդական թխւածքները, զարդեղէնները եւ մանկական հանդերձանքը:
Վաճառքի աշխատանքը շարունակւելու է իրանական Նորուզի արձակուրդների ընթացքում եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարան այցելող զբօսաշրջիկներն առիթ են ունենալու ծանօթանալ ցուցադրւած հայկական ձեռարւեստին:
Աւանդոյթի համաձայն, կրպակների դասաւորման եւ ձեռքի աշխատանքների վաճառման պարտականութիւնը սիրայօժար կերպով յանձն են առել Կանանց Գթութեան միութեան անդամուհիները:
Վաճառքի հասոյթը ծառայեցւելու է բարեսիրական ու հայրենասիրական նպատակներով ծրագրերին:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)