Կիրակի՝ մարտի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ծխատէր քահանայ հայրերի միջոցով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում, ուր հանդիսութեամբ նշւեց Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակը՝ Ծաղկազարդ տօնը:
Հոգեպարար արարողութիւններն աւարտւեցին շարականի երգեցողութեամբ եկեղեցու շրջափակում իրականացւած մանուկների թափօրով, որին մասնակից դարձան նաեւ ներկայ ժողովուրդը:
Ս. պատարագից առաջ, բոլոր եկեղեցիներում օրհնւեցին Տիկնանց յանձնախմբերի միջոցով պատրաստւած ուռենու եւ ձիթենու ճիւղերը, որոնք արարողութիւնից յետոյ բաժանւեցին ներկաներին:
Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Աստւածածին, Ս. Յովհաննու եւ Ս. Մինաս եկեղեցիներում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը:
Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը նախագահեց եւ կատարեց Ս. Յովհաննու եկեղեցու կարգը: Ընթացքում շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ “Շուշանիկ” երգչախումբը՝ ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի:
Աւետարանական ընթերցումներով ու շարականների երգեցողութեամբ ողողւած հոգեպարար արարողութեան աւարտին բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը, խորհրդանշելով, որ ապաշխարութեամբ բացւելու են երկնքի արքայութեան դռները:
Այնուհետեւ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին: Նա անդրադառնալով Ծաղկազարդ տօնին եւ օրւայ խորհրդին՝ ասաց. “Քառասնօրեայ պահեցողութեան շրջանն իր աւարտին հասաւ եւ մեր դիմաց բացւում է Աւագ շաբաթը, որն սկսւում է Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքով: Մենք պատրաստ ենք Քրիստոսի հետ քայլելու, մասնակից դառնալու նրա չարչարանքներին ու խաչելութեանը եւ այս անգամ Քրիստոսի թաղման հետ գերեզմանելու մեր մեղքերն ու նրա հետ նոր կեանքով յարութիւն առնելու, որը յաւիտենական է եւ այս աշխարհից չէ”: Վերջում Սրբազան Հայրը ներկաներին յորդորեց, որ բաց անեն իրենց սրտերն ու հոգիները եւ Քրիստոսի խաչն իրենց ուսերին վերցնելով, քայլեն նրա հետ լոյսի ճանապարհով՝ յաւիտենական ու մշտնջենական լոյսին՝ Աստծուն հասնելու համար:
Ծաղկազարդի եւ Դռնբացէքի արարողութիւնները տեղի ունեցաւ հաւատացեալ ժողովրդի բուռն մասնակցութեամբ:
«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)