Հինգշաբթի՝ 3 մարտ 2016 թւականին, Հայաստանի Ազգային Գրադարանի տնօրէն պրն. Տիգրան Զարգարեանի Նոր Ջուղա այցելութեան շրջագծում, համագործակցութեան յուշագիր կնքւեց Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի եւ Հայաստանի Ազգային Գրադարանի միջեւ, նկատի առնելով այն, որ թէ՛ Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդը եւ թէ՛ Հայաստանի Ազգային Գրադարանը ծառայում են հայագիտութեան պահպանման ու տարածման գաղափարներին, համամարդկային արժէքների տարածմամբ երիտասարդ սերունդ դաստիարակելուն, հայ պատանիներին հայոց լեզւի, հայ ժողովրդի պատմութեան, կրօնի եւ ինքնութեան հարցերին իրազեկելուն եւ հաշւի առնելով այն, որ երկու կողմերը շահագրգիռ են հայագիտութեան զարգացմամբ եւ տարածմամբ:
Յուշագիրը նպաստելու է աշխարհով մէկ սփռւած հայագիտական կենտրոնների հետ յարաբերութիւնների ամրապնդման, խորացման ու երկխօսութեան խթանմանը« կարեւորելով փաստաթղթերի թւայնացումը, թւային գրադարանի ստեղծումը, հայ տպագիր ժառանգութեան արժեւորումը, թւայնացման միջոցով վտանգւած նիւթերի երկարաժամկէտ պահպանումը, «ՀԱՅԿԱԿԱՆՔ» հայագիտական հանգոյցի համապարփակ հայեցակարգի մշակումը եւ կենսագործման հարցերը:
Սոյն առիթով ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանը« փոխատենապետ պրն. Վաչիկ Հայարապետեանը եւ ատենադպիր տկն. Քառոլին Դիլանչեանը: Կողմերը խոստացան համագործակցել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում, որպէսզի հայագիտական հետազօտութիւնները հանրութեան առաւել լայն շերտերի համար մատչելի դառնան: