Նախաձեռնութեամբ Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի, հինգշաբթի՝ փետրւարի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Ջաւախքին նւիրւած ազգային-յեղափոխական երգերի 3-րդ աշակերտական փառատօնը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական երկսեռ կրթական համալիրի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտ-ուհիների: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու հոծ բազմութիւն:

Փառատօնի մեկնարկը տրւեց հաղորդավար Մեղրի Ղուկասեանի բացման խօսքով, որից յետոյ մասնակից 14 աշակերտները ելոյթ ունեցան հետեւեալ հերթականութեամբ ու երգերով. 

Արգիշտ Քեշիշեան՝ «Ո՛չ, չեն մեռնում հերոսները» 

Սելին Մարուքեան՝ «Հպարտ գնացէ՛ք» 

Անի Ղազարեան՝ «Պի՛տ պաշտպանիմ» 

Արփինէ Մովսիսեան՝ «Քայլի՛ր միշտ առաջ» 

Լիլիթա Յովսէփեան՝ «Գարեգին Նժդեհի երգը»

Անի Մինասեան՝ «Իմ փոքրիկ Հայաստան» 

Թենի Ծատուրեան՝ «Կարմիր կակաչներ»

Լիանա Ղազարեան՝ «Դաշնակցութեան երգը» 

Արթուր Քամարզարեան եւ Արին Քեշիշեան՝ «Մշեցի մօր երգը» 

Սիսիան Մարկոսեան՝ «Տեսնեմ Անին»

Սիսիսան Քալանթար Օհանեան՝ «Նժդեհիկների քայլերգը»

Վանա Յակոբ Չաքերեան՝ «Թիկունքդ լայն»

Դւին Յովհաննիսեան՝ «Տունն իմ հայրենի»

Որպէս եզրափակիչ ելոյթ բոլոր մասնակիցների խմբական կատարմամբ հնչեց «Հայ Ասպետի» երգը, որն առաւել խանդավառութիւն եւ ոգեւորութիւն առաջացրեց հանդիսատեսի մօտ: Երեկոյի ընթացքում հնչած կատարումներն աշակերտներին սովորեցրել էր երգուսոյց Արսինէ Մարգարեանը:

Աշակարտական ելոյթների աւարտին ձեռամբ Սրբազան Հօր եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ Անդրուհի Ջաւահիրեանի, բոլոր կատարողներին շնորհւեցին յուշանւէրներ եւ գնահատագրեր, իսկ փառատօնի կազմակերպման գործում յանձնախմբին օժանդակած անհատներին՝ շնորհակալագրեր:

Վերջում ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով աշակերտների կատարած երգերի պատգամը՝ դարերի խորքից ու պատմութիւնից եկած պատգամ համարեց, որը կոչ է անում պայքարել եւ պահպանել մեր արժէքներն ու իրաւունքները: Այնուհետեւ Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ասելով ծրագրի կազմակերպիչներին եւ կատարողներին, շարունակեց. «Հայ ժողովուրդը պիտի գոյատեւի եւ յարատեւ ապրի: Եկէք վերանորոգենք մեր ուխտը եւ մեր հայեացքը դարձնենք դէպի Ջաւախք ու ջաւախքահայութիւն, Արցախ եւ արցախահայութիւն, դէպի հայրենիք ու հայրենի ժողովուրդ, դէպի ազատ, անկախ եւ ամբողջական Հայաստան»:

Աւանդոյթի համաձայն, այս տարի եւս ծրագրին զուգահեռ կազմակերպւեց նւիրահաւաք՝ ի օգուտ ջաւախքահայութեան: 

 

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան